Հայաստանի Հանրապետությունը կապ չունի Ադրբեջանի` ականի վրա պայթած ՊՆ բեռնատարի հետ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են և Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի նպատակով իրականացված քարոզչություն են միայն»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Գերատեսչությունը հայկական կողմին «կանխամտածված սադրանքի» մեջ էր մեղադրել՝ նշելով, թե մեքենան պայթել է «ճանապարհի ուղղությամբ հայերի կողմից հատուկ տեղադրված ականի վրա»։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր նաև, թե «կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է՝ այդ հատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ է, և անտրամաբանական է ասելը, որ ականները նոր և միտումնավոր են տեղադրված: