00:00:00

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյան

15:25, 03 ապրիլ 2023 Քաղաքականություն

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

ԱԺ-ից  հայտնում են, որ հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարևոր ձևաչափ է` առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջև արդյունավետ փոխգործակցությունը:

 

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խոսելով 2023 թվականին Լեհաստանում կայանալիք ընտրություններից` լեհ գործընկերները հավաստիացրել են, որ դրանք ազդեցություն չեն ունենալու Հայաստանի հետ իրականացվելիք համագործակցության և օրակարգային հարցերի վրա. մասնավորեցվել է հատկապես հայ-լեհական համագործակցությունը Հայաստան-ԵՄ շրջանակում: Լեհ գործընկերները նշել են, որ Հայաստանը համարում են եվրաընտանիքի անդամ և հետևում են մեր երկրում կատարվող քայլերին:

 

Կողմերը մեծ նշանակություն են տվել նաև միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում երկու բարեկամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջև կառուցողական փոխգործակցությանը:

 

ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով:

 

«Տեղյակ ենք նաև, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ասել է նա:

 

Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և հույս ունի, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության և համագործակցության իր հայտարարած նպատակին: Այս համատեքստում նա հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձևը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների:

 

«Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում, ընդհուպ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր