00:00:00

ՊՆ N ուսումնական զորամասում նորակոչիկ կուրսանտները կսովորեն նաեւ ադրբեջաներեն

21:37, 26 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Տ–72 մարտական տանկով հակառակորդի բոլոր պայմանական նշանակետերը հայտնաբերում, ապա խոցում են Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի կուրսանտները։ Այս ստուգողական հրաձգությունը, ինչպես նաեւ մյուս քննությունները հաջողությամբ հանձնած կուրսանտները՝ ստանում են կրտսեր հրամանատարների ու մասնագետների որակավորում եւ անցնում ծառայության՝ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում։

Զորամասի հրամանատարը գոհ է 6–ամսյա կրթություն ստացած ժամկետային զինծառայողների գրանցած ցուցանիշներից։

«18, 20 շաբաթների ընթացքում զինվորները շատ ինտենսիվ պարապում են եւ իզուր չէ, որ, օրինակ, ֆիզիկական պատրաստության, կրակային պատրաստության արդյունքները գերազանց են, մնացած կարեւոր առարկաներից եւս ունենք լավ ցուցանիշներ։ Սրանից բացի ես կարեւորում եմ նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը, եթե մենք չունենանք ամուր հոգի, պատրաստակամ զինծառայող, ապա մնացած որակները իզուր կլինեն։ 

Զինվորները 18 տարեկան են, բայց բավականին վճռական, 18 շաբաթ առաջ նրանք չէին կարող պատկերացնել, որ տանկով կրակելու են, բայց այսօր բավականին համարձակ են, հավատացեք զենքի ձգանը քաշելիս ձեռքները չի դողում այլեւս»,– լրագրողների հետ զրույցում ասում է Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատար Դավիթ Ալեքսանյանը։

Գնդապետ Ալեքսանյանի խոսքով՝  44-օրյա պատերազմում ունեցած անհաջողությունների պատճառներից մեկն էլ ուսուցման հնացած մեթոդներն էին։ Սխալներից դասեր են քաղել, ուսուցման մեթոդները փոխվել են։ Այժմ կենտրոնացած են ստրատեգիական զինվոր պատրաստելու ուղղությամբ՝ ասում է հրամանատարը։  

«Մի զինծառայողն էլ պատերազմի դաշտում արժեք է, եւ մենք գնում ենք նրան, որ մեր զինվորները անհատական մակարդակում լինեն գերպատրաստված»,– ընդգծում է Դավիթ Ալեքսանյանը։

Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած զինվորները դժվարություններից չեն սիրում խոսել։ Ասում են՝ առանց դժվարությունները հաղթահարելու լավ զինվորական չես դառնա։ 

Կարենը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներից է, 6–ամսյա ծառայությունից հետո պայմանագիր է կնքելու զորամասերից մեկի հետ եւ հինգ տարով ծառայությունը շարունակելու է արդեն որպես պայմանագրային զինծառայող։

«Շատ կարեւոր գիտելիքներ եմ ստացել այս ընթացքում, հաղթահարել եմ շատ դժվարություններ, որոշներն՝ իմ ուժերով, որոշներն էլ՝ հրամանատարների օգնությամբ»,– ասում է Կարեն Ոսկանյանը։

 «Ուզում ենք ստացած գիտելիքները կիրառել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս եւ մեր հողերը ազատագրելու ժամանակ»,– նշում է Նաիրի Հովհաննիսյանը։

 «Ուսումնական փուլի ընթացքում բավարար չափով տիրապետել եմ ռազմական գործին՝ ինչը կապված է իմ հաստիքի հետ։ Կարծում եմ հետագայում կկարողանամ իմ ենթակայության տակ գտնվող զինվորներին ինչ–որ բան սովորեցնել ու ինչու չէ նաեւ նրանցից սովորել»,– ասում է Արսեն Ղազարյանը։

Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում արդեն պատրաստվում են ընդունելու ապագա զինվորականների հաջորդ սերնդին։ Նրանց կրթական ծրագիրն ընդլայնվել է, այս լսարանում հաջորդ զորակոչի մասնակիցներն արդեն հնարավորություն կունենան սովորել մի քանի լեզուներ, այդ թվում՝ ադրբեջաներեն։ Գրքի ընթերցման, լեզուների եւ ադրբեջանգիտական կենտրոն ունենալը սպաների ու կուրսանտների նախաձեռնությունն է։

Այստեղ սովորելու հնարավորություն կունենան միայն համապատասխան ունակություններ ունեցող զինծառայողները։ Լավագույնները կվերապատրաստվեն արտերկրում։

 «Զինվորներին մենք ենք ընտրելու, անցնելու են հոգեբանական պատրաստություն, հոգեբանական արգելագոտի եւ ըստ դրա՝ որոշում ենք կայացնելու զինվորին ներառել այդ ծրագրում։ Ինչ վերաբերում է ադրբեջանագիտությանը, ապա պատերազմը ցույց տվեց, որ մենք մեծ կարիք ունենք հակառակորդի լեզուն իմանալ, սպայական կազմը ավելի խորացված պետք է իմանա, իսկ զինվորները կսովորեն ըստ իրենց գործառույթների։

Հուսով ենք, որ կկարողանանք ուսումնական նոր փուլի ընթացքում՝ զինվորների ընդունելություն կազմակերպման հետ մեկտեղ ամբողջ ծրագիրը ներառել զորամասի ուսումնական ծրագրում եւ գործել համաձայն այդ ծրագրի»,– ասում է զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Վարդանյանը։

Ուսումնական զորամասի կրթական գլխավոր բաղադրիչը, սակայն, բոլոր ժամանակներում մնում է հայրենիքին պատվով ծառայելու գաղափարի սերմանումը։ Զորամասը 44-օրյա պատերազմում 12 զոհ է ունեցել։ Նրանցից յուրաքանչյուրը զորանոցի ներսում իր անկյունն ունի, բոլոր 12–ի անունները մինչեւ հիմա ընդգրկված են երեկոյան անվանականչի մատյաններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր