Ինդոնեզիայի 61-ամյա բնակիչը, որը հայտնի է Կաան անունով, պատրաստվում է 88-րդ անգամ ամուսնանալ:
Ինչպես գրում է Oddity Central-ը, Արևմտյան Ճավայում բնակվող ֆերմերն ունի կյանքի հետաքրքիր պատմություն: Նրա պնդմամբ՝ ինքն ամուսնացած է եղել 87 անգամ, իսկ այժմ նախապատրաստվում է հերթական ամուսնությանը: Ի դեպ, հարսնացուն իր նախկին կանանցից մեկն է:
Ինդոնեզացին պնդում է, որ առաջին անգամ ամուսնացել է 14 տարեկանում իրենից երկու տարով մեծ աղջկա հետ։ Նրանց ամուսնությունը տևել է ընդամենը 2 տարի, բայց դա չի խանգարել նրան նոր կին գտնել, այնուհետև մեկ ուրիշին և այդպես շարունակ: Հարցին, թե ինչու է նա շարունակում ամուսնանալ յուրաքանչյուր նոր կնոջ հետ, որն իրեն դուր է գալիս, Կաանն ասել է, որ հարգում է կանանց և չի ցանկանում, որ նրանք իրենց վատ զգան: Այսպիսով, եթե նույնիսկ հարաբերությունները տևում են ընդամենը մեկ ամիս կամ նույնիսկ մեկ շաբաթ, նա միշտ ամուսնանում է իրեն հանդիպած կանանց հետ:
«Պատճառն այն է, որ չէի ուզում խաղալ կանանց զգացմունքների հետ: Անբարոյականություն անելու փոխարեն ավելի լավ է՝ ամուսնանամ», - պատմել է տղամարդը։
Աղբյուրը մանրամասնում է, որ 87 ամուսնությունից միայն 40-ն է գրանցվել կրոնական հարցերի գրասենյակում, իսկ մյուսները կնքվել են ավանդական հարսանիքներով։ Հատկանշական է, որ ամեն անգամ, երբ Կաանը նորից էր ամուսնանում, նա չէր բաժանվում նախորդ կանանցից: Քանի որ 46 կանանցից մի քանիսը, որոնց հետ նա ամուսնացել էր, չէին ցանկանում ամուսնալուծվել, նա, այնուամենայնիվ, նորից էր ամուսնանում, ինչի հետևանքով կյանքի որոշ փուլերում Կաանը միաժամանակ 2 կամ ավելի կին է ունեցել:
Կաանի ամենաերկար ամուսնությունը տևել է 14 տարի, բայց նրա մյուս ամուսնությունների մեծ մասը կարճ էին. որոշները ընդամենը մեկ կամ երկու ամիս են տևել, իսկ մեկը՝ մի շաբաթ:
Ինդոնեզացին ամուսնացել է 87 անգամ, բայց միայն 46 կնոջ հետ, քանի որ նրանցից ոմանց հետ ամուսնացել է երեք-չորս անգամ։ Փաստորեն, նրա հաջորդ՝ 88-րդ հարսանիքը, լինելու է 86-րդ ամուսնությունից իր նախկին կնոջ հետ։
«Չնայած մենք երկար ժամանակ է, ինչ բաժանվել ենք, մեր միջև սերը դեռ ուժեղ է», - ասել է Կաանը՝ հավելելով, որ իրենց նախորդ ամուսնությունը տևել է ընդամենը 4 ամիս: