00:00:00

Երկվա ու վաղվա ընտրության մեջ պետք է ընտրել վաղը. Արամ Սարգսյան

23:29, 29 հոկտեմբեր 2022 Բլոգ

«Հանրապետություն» կուսակցության ղեղկավար Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է այսօրվա ու վաղվա հայկական տարբերակը:

«Բոլորը խոսում են ռուսական տարբերակի մասին, ոչ ոք ստույգ չգիտի՝ ինչ տարբերակ է: Բոլորը խոսում են արևմտյան տարբերակի մասին, ոչ ոք ստույգ չգիտի՝ ինչ տարբերակ է: Իսկ իմ կարծիքով՝ պետք է խոսել հայկական տարբերակի մասին, որ աշխարհաքաղաքական տուրբուլենտության իրավիճակում անվտանգ, քաղաքակիրթ, զարգացող երկիր, և՝ այդ երկրների ընտանքում լինելն է։

Երկվա ու վաղվա ընտրության մեջ պետք է ընտրել վաղը: Ոչ միայն այն պատճառով, որ երեկը վերադարձ չունի, այլև այն պատճառով, որ ըստ երեկի գաղափարախոսի փոքր երկրները կցորդի կամ գաղութի կարգավիճակով պետք է բավարարվեն։

Իրականում ՌԴ նախագահի խոսքը ՀՀ մասով, Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության մասին է, որը փորձում է ներկայացնել իբրև Հայաստանի հետ բարեկամություն: Հայաստանին է մեղադրում, որ մերժել է ռուսական առաջարկը, որը Կազանում մերժել էր Ադրբեջանը:

Հայաստանի իշխանությունն էլ ուզում է ի ցույց դնել, որ ոչ թե ՀՀ-ն ռուսական առաջարկները չի ընդունում, այլ ռուսներն են իրենց պարտավորություններից և տարածաշրջանային մոտեցումներից հրաժարվում։ Բնականաբար՝ Ադրբեջանը չի համաձայնի ռուս խաղաղապահների ժամկետի երկարացման, ու դա հաստատ չի սրի ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ավելին՝ Ադրբեջանին հնարավորություն կտա արևմտյան դաշտում յուրային երևալ։

Վարչապետի նշած ՀԱՊԿ-ի երկվա անկեղծ զրույցն էլ արդյունք չի տա ու դրա ի ցույց դնելն էլ ժամանակի կորուստ է։ Այո, Արցախի անկախությունը որևէ երկիր չի ճանաչել, բայց որևէ երկիր էլ չի գտնում, որ արցախահայությանը պետք է բռնի ուժով տեղահանել կամ ցեղասպանել։ Ավելին՝ ԱՄՆ-ը գտնում է, որ Արցախի ապագայի խնդրում արցախահայությունը կարծիք ասելու իրավունք պետք է ունենա։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Պետք չէ սպասել, որ ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը փոխվելու է ու ՌԴ-ն կատարելու է իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի և նոյեմբերի 9-ի հայտարարության մասով: Չի կատարել ու չի կատարելու՝ դա հակասում է ռուս-թուրք-ադրբեջանական միասնական շահերին: Այդ տանդեմը չի ճանաչում ՀՀ ինքնիշխանությունն ու սահմանները, ուրեմն ի՞նչ ՀԱՊԿ-ի ու ՀԱՊԿ դիտորդների մասին կարող է խոսք լինել:

Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանությունը ևս մի անգամ արտաքին հարթակում հարաբերությունների վերջնական ճշտման փուլ է սկսում, որից հետո այլ տարբերակ չի մնա, քան գնալ ռադիկալ ու ամբողջական փոփոխության: Իսկ դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում, որն էլ պահանջում է արտաքին քաղաքական վեկտորի հստակ փոփոխություն: Եթե մենք շարունակաբար Ռուսաստանին ցույց ենք տալիս, որ չի կատարում պարտավորությունները, ինքներս էլ պիտի տեսնենք, որ Ռուսաստանը այլևս ոչ միայն չի ցանկանում, այլև չի կարողանում կատարել համաձայնագրային պարտավորությունները ու ապարդյուն հույսեր չկապենք ոչ ՌԴ-ի, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ԵԱՏՄ-ի հետ:

Ռազմաքաղաքական ու տնտեսաքաղաքական դաշինքներին հնարավորինս անցնցում հրաժեշտի համար պիտի նախապատրաստենք մեր բանակը և տնտեսությունը, այսինքն՝ մեր իրական դաշնակիցների աջակցությամբ ապահովենք մեզ ժամանակակից սպառազինությամբ ու պատերազմ վարելու ստրատեգիաների ուսուցմամբ, և գտնենք էներգակիրների այլընտրանքային տարբերակներ, դուրս գանք հայկական ապրանքների նոր սպառման շուկաներ: Իրական տնտեսական հեղափոխությունը դա է լինելու՝ մեր ռեսուսների օգտագործումով մեր տնտեսության զարգացումը, արդյունաբերության վերագործարկումը՝ աշխատատեղերի ստեղծումով ու ներգաղթի նպաստավոր պայմանների ստեղծումը: Եվ այս ճանապարհին մեզ կարող են ու ցանկանում են օգնել թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն, թե Ֆրանսիան, թե Արևելքի այն երկրները, որ շահերի համընկնում ունեն մեզ հետ:

Հ.Գ. Ուկրաինական պատերազմում քաղաքակիրթ աշխարհի համախմբումը և Ռուսաստանի դեստրուկտիվ գործելաոճը բացառիկ հնարավորություն է, որպեսզի կարողանանք պոկվել ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ և մեր ինքնիշխանության գաղութացման նպատակ ունեցող շրջանակից և դառնանք քաղաքակիրթ, անվտանգ և զարգացող աշխարհի լիրավ մաս։ Ու սա է Հայկական տարբերակը՝ այսօրվա ու վաղվա: Աստված օրհնի, պահի և պահպանի Հայաստանը և Արցախը»,-գրել է Արամ Սարգսյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր