Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը, որի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում, դատախազության մեր աղբյուրների հաղորդմամբ՝ հնարավոր է ենթարկվի քրեական պատասխանատվության․ նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցվի։Ծառայողական քննությունն անցկացնում է տվյալ վարչության ավագ դատախազ Ա․ Մաթևոսյանը։
Ինչպես հայտնի է, ծառայողական քննությունը սկսվել է գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Գուրգեն Գրիգորյանը հրահանգել է իր նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու, և երբ ինքը ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել դատախազի անձին, Գուրգեն Գրիգորյանը քրեական ենթամշակույթ կրող անձանց, թաղային հեղինակությունների է մեջ գցել՝ իրեն գործարք առաջարկելով։
Այս նույն թեմայի շուրջ այժմ հետաքրքիր զարգացումներ են ծավալվել Շիրակի դատախազությունում։ Irakanum.am-ի աղբյուրների պնդմամբ, Գուրգեն Գրիգորյանը, որը իր «կռիշի»՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հեռանալուց հետո մեծ վախերի մեջ է՝ թե՛ պաշտոնը կորցնելու և թե՛ քրեական պատասխանատվության ենթարկվելու առումով, սկսել է մեղադրել իր աշխատակիցներին իրեն չօգնելու համար։
Մեր աղբյուրների պատմելով, սեպտեմբերի 23-ին Կարապետի թեմայով մեծ վիճաբանություն է ծավալվել Գուրգեն Գրիգորյանի և ՔՊ-ականների հետ մտերիմ դատախազներից մեկի՝ Սարգիս Պետրոսյանի միջև։
Բանն այն է, որ Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործերից մեկը վերահսկվում է Շիրակի դատախազ Հրանտ Մուրադյանի կողմից, որն արձակուրդ է գնացել, Գուրգեն Գրիգորյանը վերահսկման պարտականությունը դրել է Սարգիս Պետրոսյանի ուսերին։ Սեպտեմբերի 23-ին Շիրակի դատախազ Գրիգորյանը Սարգիս Պետրոսյանին հրավիրելով իր մոտ՝ հրահանգել է նրան ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին պարտադիր մեղադրանք ներկայացնել, և երբ Սարգիս Պետրոսյանը հրաժարվել է ՝ ասելով, թե չկան բավարար ապացույցներ, նման բան չի անի, Գուրգեն Գրիգորյանը սկսել է այնպես վիճաբանել նրա հետ, որ գոռգոռոցից դատախազության մյուս աշխատակիցները վազել են նրա առանձնասենյակ՝ մտածելով, թե ուր որ է ծեծկռտուք կսկսվի։
Ի դեպ, Շիրակի դատախազը իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հաճախակի է հայտնվում նման իրադրությունների՝ ծեծկռտուքների մեջ։ Դատախազի պաշտոնը դեռ նոր ստանձնած՝ Գուրգեն Գրիգորյանը պատմության մեջ էր հայտնվել իր տեղակալի՝ Վահե Միրզոյանի հետ։ Գյումրու գրեթե բոլոր կառույցներում՝ ոստիկանությունում, քննչակական, դատարանում խոսում էին Գուրգեն Գրիգորյանի՝ ապտակ ուտելու մասին։ Ըստ շրջանառվող տեղեկության, տեղակալ Վահե Միրզոյանը արձակուրդ էր գնացել, Գուրգեն Գրիգորյանն էլ օրենքի խախտմամբ տեղակալի ժ/պ նշանակել էր այնպիսի մարդու, որին հետագայում մտադիր էր դարձնել հենց տեղակալ՝ դուրս անելով Վահե Միրզոյանին։
Իսկ Վահե Միրզոյանի հետ նրա հարաբերությունները սրվել էին այն պատճառով, որ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հեռանալուց հետո Շիրակի դատախազ ուզում էր դառնալ Վահե Միրզոյանը։ Վահե Միրզոյանը դատախազության բոլոր աշխատակիցների ներկայությամբ դաստիարակչական մի ապտակ էր հասցրել Գուրգեն Գրիգորյանին ու նաև թքել նրա երեսին։
Դատախազության աղբյուների փոխանցմամբ, Գուրգեն Գրիգորյանը մեկ այլ սկանդալի մեջ էլ հայտվել էր Գյումրու Փարվանա ռեստորանում, ըստ ականատեսների, 15 հոգու ներկայությամբ տեղ էր ունեցել ծեծկռտուք՝ Գուրգեն Գրիգորյանի մասնակցությամբ, վերջինս ստորացրել էր իր ենթականերին։ Նշենք, որ այս դատախազի օրոք թեև ամպագոռգոռ հայտարարություններ հնչեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ բազում դրվագներով քրեական գործեր հարուցելու, պետությանը պատճառած վնասները փոխհատուցել տալու նախաձեռնության մասին, բայց փաստն այն է, որ Գյումրու նախկին քաղաքապետը «Կալբասի սադ» կոչվող կենտրոնական տարածքում՝ դատախազության շենքից ոչ հեռու գտնվող այգին վերանորոգեց, սրճարան հիմնեց՝ կանաչ տարածքում շարունակելով իր ապօրինի բիզնես գործունեությունը։
Ի դեպ, Շիրակի դատախազի անուններ են շրջանառվում, նրանից մեկը՝ Հովիկ Պողոսյանն է Աշոցքից, որը Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է, մյուսը հենց Սարգիս Պետրոսյանն է, որը չի կատարել Գուրգեն Գրիգորյանի հրահանգը Կարապետ Պողոսյանին մեղադրանք առաջադրելու պահով։
Ի դեպ, Գուրգեն Գրիգորյանը, որը Սարգիս Պետրոսյանին հրահանգում էր Կարապետ Պողոսյանի նկատմամբ քրգործի հարուցել, ամենայն հավանականությամբ մտածում էր, որ այդ քայլով այնպես կանի, որ ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը կսկսի քննադատել ՔՊ-ի հետ ասոցացվող Սարգիս Պետրոսյանին, իսկ ինքն այդ արանքում շահեկան վիճակում կհայտնվի, կփրկի իր անունը։
Irakanum.am