Ռուսաստանից եկող դրամական հոսքերի շնորհիվ գրանցված փուչիկ տնտեսական աճը չի կասեցրել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի արժեզրկումը, մասնավորապես՝ եթե 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ պահպանողական ֆոնդը տարեսկզբի համեմատ նվազել էր 9,3 տոկոսով, ապա 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆոնդերի գումարները նվազել են 10,11 տոկոսով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նաեւ հավելել է. «Ի դեպ կուտակային միջոցների 98 տոկոսը ներդված է պահպանողական ֆոնդերում, այնուամենայնիվ, կայուն եկամտային և հավասարակշռված ֆոնդերի գումարները նույնպես շարունակում են նվազել։
Կուտակային ֆոնդերի նվազումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի շարունակվող արժեզրկմամբ և այլն։
Փաստացի ստացվում է, որ նույնիսկ երկնիշ տնտեսական աճի պարագայում շարքային քաղաքացիների կողմից կուտակված միջոցները շարունակվում են նվազել։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բարձր ռիսկայնություն ունի և որևէ երաշխիք չկա կուտակած միջոցների ամբողջական վերադարձման մասով, հետևաբար, օր առաջ պետք է հրաժարվել այս համակարգից՝ քննարկելով և ներդնելով պետական երաշխիքներով նոր կենսաթոշակային համակարգ»։