Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օգոստոսի 24-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է «Ոջլոտության համաճարակաբանության, ծագումնաբանության, ախտորոշման, հաշվառման, հաղորդման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը։
Ներկայացնում ենք ուղեցույցն՝ ամբողջությամբ։
ԳԼՈՒԽ 1. ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Ոջլոտությունը (պեդիկուլոզ, ՀՄԴ-10` Բ85.0) արյունով սնվող էկտոմակաբույծներով` ոջիլներով պայմանավորված հիվանդություն է։
2. Ոջիլներ (լատիներեն՝ Anoplura կամ Siphunculata, հին հունարեն՝ φθείρ-ոջիլ և πτερος-թևազուրկ), արյունածուծ միջատների կարգ։ Հայտնի է ոջիլների ավելի քան 300 տեսակ։ Մարդու և կաթնասունների արյունածուծ մակաբույծներ են, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Ոջիլները շարժվում են սողալով,դրանք չեն կարող ցատկել կամ թռչել: Արյունով սնվում ե ն և՛ էգը, և՛ արուն:
3. Տարբերում են ոջլի զարգացման հետևյալ փուլերը՝ ձվիկ (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ։ Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին:
4. Ոջլոտությունը տարածվում է սերտ շփման միջոցով: Շները, կատուները և այլ տնային կենդանիներ չեն կարող փոխանցել մարդու ոջիլներ:
5. Ոջիլները հայտնի են մարդուն հնագույն ժամանակներից ի վեր: Առաջին անգամ նկարագրվել է Արիստոտելի հուշագրություններում (IV դար մ.թ.ա.): Չորացած ոջիլներ են հայտնաբերվել եգիպտական, պերուական, հնդկական մումիաների հնագույն դամբարաններից: Ոջիլներ են հայտնաբերվել նաև Գրենլանդիայում և Ալեուտյան կղզիներում մումիայի վերածված դիակների վրա (XV դար): Ոջիլների դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք մարդկանց վրա մակաբուծում են արդեն 80 հազար տարի:
6. Գրեթե 500 տարի մ.թ.ա. Հերոդոտոսը գրել է, որ Եգիպտոսի քրմերը միշտ սափրել են գլուխները, «…որ ոչ մի ոջիլ կամ այլ անմաքուր բան չկարողանա կպնել նրանց, երբ նրանք ծառայում են աստվածներին…»: Նույն նպատակով հին Եգիպտոսում փարավոններն ու ազնվականները սափրել են իրենց գլուխներն ու կզակները:
7. Մարդու մաշկի վրա մակաբուծում են երեք տեսակի ոջիլներ՝ գլխի (Pediculus humanus capitis), մարմնի կամ հագուստի (Pediculus humanus corporis) և ցայլքի (Pthirus pubis) (Նկար 1):
8. Հայտնի չէ գլխի ոջիլների որևէ հիվանդություն փոխանցելու հատկության մասին, սակայն քերծվածքներից առաջացած մաշկի երկրորդային մանրէային վարակը կարող է առաջանալ ոջիլներով ցանկացած վարակման դեպքում:
9. Ոջիլներով վարակումը հայտնաբերվում է ամբողջ աշխարհում: Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գլխի ոջիլով վարակումը առավել տարածված է նախադպրոցական և տարրական դպրոցական տարիքի երեխաների, նրանց տան անդամների և խնամողների շրջանում: ԱՄՆ-ում տարեկան գլխի ոջիլով վարակվում են 6-12 միլիոն 3-11 տարեկան երեխաներ: Համաձայն որոշ հետազոտությունների, աղջիկներն ավելի հաճախ են վարակվում գլխի ոջիլով, քան տղաները, հավանաբար` գլուխ-գլուխ հաճախակի շփման պատճառով:
10. Մարմնի ոջիլով վարակումը սահմանափակվում է մարդաշատ և վատ հիգիենայի պայմաններում ապրող մարդկանցով, ովքեր չունեն կանոնավոր լողանալու և մաքուր հագուստ կրելու հնարավորություն (օրինակ՝ անօթևաններ, փախստականներ, պատերազմ կամ բնական աղետներ վերապրածներ): Նման պայմաններում վարակը կարող է արագ տարածվել:
11. Ցայլքի ոջիլով վարակումը հանդիպում է հասարակության բոլոր մակարդակներում:
12. Կարևոր համաճարակաբանական նշանակություն ունեն մարմնի/հագուստի ոջիլները, քանի որ բծավոր և հետադարձ տիֆերի, Վոլինյան (խրամատային) տենդի հարուցիչներ պարունակող ոջիլները 4-7 օր հետո ընդունակ են վարակել առողջ մարդուն:
13. Ոջիլների առանձին տեսակների տարբերակիչ առանձնահատկությունները ներկայացված են աղյուսակում.
ԳԼՈՒԽ 2. ՎԱՐԱԿՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ
14. Հասուն գլխի ոջիլների երկարությունը մոտավորապես 2-3 մմ է: Գլխի ոջիլները հիմնականում տարածվում են գլուխ-գլուխ (մազ-մազ) ուղիղ շփման միջոցով: Նման շփումը երեխաների շրջանում կարող է լինել դպրոցում, տանը և այլուր (օրինակ՝ խաղահրապարակներ, ճամբարներ): Հազվադեպ կարող է փոխանցվել վարակված սանրի, սրբիչի, մահճակալի, բազմոցի, բարձի միջոցով: Գլխի ոջիլները գոյատևում են 1-2 օր, եթե ընկնում են մարդուց և չեն կարողանում սնվել:
15. Հասուն մարմնի ոջիլներն ունեն 2.3–3.6 մմ երկարություն: Մարմնի ոջիլներն ապրում են և ձվադրում են հագուստի վրա և տեղափոխվում են մաշկ՝ միայն սնվելու համար: Մարմնի ոջիլները հիմնականում տարածվում են վարակված անձի կամ նրա հագուստի, անկողնային սպիտակեղենի կամ սրբիչի հետ անմիջական շփման միջոցով: Մարմնի ոջիլները սովորաբար վարակում են այն անձանց, ովքեր պարբերաբար չեն լվանում և փոխում են իրենց հագուստը:
16. Մարմնի ոջիլը կարող է փոխանցել հիվանդություններ, օրինակ՝ Rickettsia prowazekii-ի (համաճարակային հետադարձ տիֆ), Bartonella quintana-ի (ոջիլներով փոխանցվող Վոլինյան (խրամատային) տենդ) և Borrelia recurrentis-ի (բծավոր տիֆ) փոխանցող (սովորաբար՝ պատերազմական, աղքատության պայմաններում, որտեղ չկան հագուստի պարբերաբար փոփոխման ու լվացման պայմաններ):
17. Հասուն ցայլքի ոջիլների երկարությունը 1.1-1.8 մմ է: Ցայլքի ոջիլները ամրանում են սեռական հատվածի մազերին, բայց երբեմն հանդիպում են մարմնի այլ մասի մազերի վրա (օրինակ՝ հոնքեր, թարթիչներ, մորուք, կրծքավանդակ, թևատակ և այլն): Ցայլքի ոջիլով վարակումը տարածվում է սեռական շփման միջոցով և հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ: Հազվադեպ վարակը կարող է տարածվել վարակված անձի հագուստի, անկողնային սպիտակեղենի, զուգարանի նստատեղի և այլ անձնական իրերի հետ սերտ շփման արդյունքում: