Գյումրիում աշխատանքեր են տարվում փողոցային առևտուրը կասեցնելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Գյումրու համայնքապետարան, ոստիկանություն և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչություն համատեղ աշխատանքի արդյունքում, հաջողվել է ապօրինի առևտուրը կասեցնել քաղաքի կենտրոնական հատվածում՝ Շահումյան, Արագած և Հաղթանակի փողոցներում:
Օգոստոսի 20-ին Գյումրու համայնքապետարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի հետ քննարկել են Գյումրիում բացօթյա ապօրինի առևտրի կասեցան ուղղությամբ մեկ ամիս առաջ մեկնարկած գործընթացն ու դրա արդյունքները:
Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ Դավիթ Առուշանյանը տեղեկացրեց, որ այս պահին հաջողվել է մաքրել քաղաքի կենտրոնական հատվածը, մինչդեռ քաղաքի այլ հատվածներում խնդիրը առկա է:
«Աշխատանքների ձգձգման պատճառը սոցիալական խնդրի առկայությունն էր, պետք էր առևտրականների համար այլընտրանքային տարբերակներ առաջարկել, թեև համայնքապետարանը ոչ մի պարտավորություն չունի: Փորձելով աջակցել մեր քաղաքացիներին՝ մենք առաջարկում ենք այլընտրանքային տարբերակներ: Քաղաքի այլ վայրերում ևս կա խնդիր, բայց Կենտրոնում այս խնդիրն ավելի քան երեսուն տարի կարծրացել էր: Սա քաղաքապետարանի, ոստիկանների և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության մարզային կառույցի աշխատակիցների համատեղ աշխատանքն է »,- նշեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը՝ տեղեկացնելով, որ «58» թաղամասի համար այս պահին քայլեր չեն ձեռնարկվում՝ մինչ թաղամասում նոր շուկայի կառուցման ավարատը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շնորհակալություն հայտնելով համայնքապետարանին կատարած աշխատանքի համար՝ տեղեկացրեց, որ Գյումրին այս պահին հանրապետությունում միակ քաղաքն է, որը նման մասշտաբի աշխատանք է իրականացրել:
«Շնորհակալություն կատարված աշխատանքի համար, սկիզբը լավ է ստացվել: Սա ոչ միայն էսթետիկ է, այլ նաև անվտանգության ու մարդկանց առողջության համար է կարևոր: Եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է մի քանի սովորություններից հրաժարվենք՝ հանուն հանրային առողջության, իսկ փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող լինել անվտանգ: Գյումրու քաղաքապետարնն առաջինն է, որ նման նախաձեռնությամբ հանդես եկավ և սա շատ ոգևորիչ է»,-նշեց նա՝ կատարած աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնելով Դավիթ Առուշանյանին և ՀՀ ՍԱՏՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանին:
Հանդիպման ավարտից հետո ՀՀ ՍԱՏՄ ներկայացուցիչները և համայանքապետարանի աշխատակիցները շրջայց կատարեցին մաքրված տարածքներով: