Երբ իրենք գեներալներին էին մերժում, մենք կարծում էինք, որ մերժում են բանակի անօրինականությունները, սակայն ուշ հասկացանք, որ բանակ հաստատությունն են մերժում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Երբ իրենք Սերժին էին մերժում, մենք կարծում էինք, որ իրենք ընդամենը Սերժ Սարգսյանին են մերժում, սակայն պարզվեց, որ դա ավելի լայնամասշտաբ մերժում է։
Երբ իրենք գեներալներին էին մերժում, մենք կարծում էինք, որ մերժում են բանակի անօրինականությունները, սակայն ուշ հասկացանք, որ բանակ հաստատությունն են մերժում։
Երբ իրենք եկեղեցականներին էին մերժում, կարծում էինք, որ մերժում են որոշ եկեղեցականների ցոփ կյանքն, ընչաքաղծությունը, սակայն ուշ հասկացանք, որ մերժում են եկեղեցին ու քրիստոնեությունն առհասարակ։
Երբ իրենք մերժում էին կոռուպցիան ու թալանը, մենք կարծում էինք, որ ցանկանում են արդար երկիր կառուցել, հետո հասկացանք, որ մերժում են այն թալանը, որտեղ իրենք չկան։
Երբ շրջափակում էին դատարանները, կարծում էինք, որ արդար դատարան են ուզում ունենալ, սակայն ուշ հասկացանք, որ իրենք դեմ են դատարաններին որպես արդարություն իրականացնող ինքնուրույն մարմին։
Երբ իրենք արցախցիների դեմ էին խոսում, մենք կարծում էինք, որ իրենք դեմ են արցախցի օլիգարխիային, սակայն պարզվեց, որ իրենք ուղղակի Արցախն են ատում։
Երբ իրենք խոսում էին խաղաղության մասին, պարզվեց, որ այդ խաղաղ երկնքի տակ իրենք Հայաստան չեն տեսնում։
Երբ այդ ամենը սկսեցինք հասկանալ, պարզվեց, որ արդեն չունենք բանակ, արժանապատվություն, ինքնապահպան բնազդ ու մեզ միմյանց հետ արդեն ոչինչ չի միավորում»,- գրել է Դանիելյանը։