Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջերս շատ է խոսվում քաղաքական ճգնաժամի մասին և դա արդարացված է:
Որքան էլ, որ հասարակության մի մասն աչք փակի Արցախի և ազգային համընդհանուր անվտանգության հարցի վրա, միևնույն է այն միշտ լինելու է որոշիչ` քանի դեռ լուծված չէ: Իսկ դա Նիկոլի իշխանության ամենաթույլ, ամենախոցելի և ակհնայտորեն ձախողված կողմն է:
Ցանկացած գնով ժողովրդավար երևալու Նիկոլի ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս: Նրան նույնիսկ չեն փրկում Հայաստանում առաքելություն իրականացնող արևմտյան դեսպանների ու գրանտային կառույցների «գովերգումները»: Քաղաքական ճգնաժամը քողարկելու հարցում, Նիկոլին չի փրկում նաև ռուսական` առայժմ բարեհաճ վերաբերմունքը: Պրակտիկորեն օգուտ չեն տալիս նաև արտախորհրդարանական վեց «կուսակցությունների» ֆորմալ ձևաչափը, որը Նիկոլը ստեղծել է ժողովրդավար երևալու համար, սակայն բոլորն են հասկանում, որ այն զուտ թոզ փչոցի է:
Սա նշանակում է, որ երկրում չի գործում ժողովրդավարության համար օդ ու ջրի պես անհրաժեշտ զսպումների և հակակշռումների մեխանիզմը: Միայն այդպես կարող է երկիրը զարգանալ իսկ հասարակությունը` համախմբվել:
Հետևաբար, պատահական չէ, որ այս իրավիճակում Նիկոլն այլընտրանք չունի քան ուժային և դատական կառույցների վրա հենվելով` աստիճանաբար վերածվել բռնապետի:
Ուժայիններին (Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատախազություն, դատավորներ) առայժմ ձեռնտու է Նիկոլին բռնապետ դարձնելը: Չէ՞, որ նրանք չեն կրում քաղաքական պատասխանատվություն Արցախի կորստի և պետության հիմքերի թուլացման համար: Նրանք միշտ ունեն ալիբի («հրաման էինք կատարում») և պատրաստ են ծառայելու ցանկացած նոր իշխանության:
Սակայն հարցն այն է, որ «ժողովրդավար» Նիկոլից բռնապետ Նիկոլ կերտող ուժայիններն ի վիճակի չեն վերացնել քաղաքական ճգնաժամը: Ընդհակառակը` նրանք օգնում են քաղաքական ճգնաժամը խորացնելուն: Հատկապես, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրներն առանձնապես չեն կաշկանդվում ուժայինների ակտիվ խոչընդոտումներից ու բռնաճնշումներից:
Ակնհայտ է, որ Նիկոլը արտաքին ուժային կենտրոններին ռեգիոնալ նշանակության կարևոր խոստումներ է տվել և պետք է ինչ-որ կերպ կատարի դրանք: Դրա համար նրան անհրաժեշտ է ներքաղաքական բնականոն զարգացումներ և լիարժեք գործող խորհրդարան:
Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը քննադատում է ընդդիմությանը, իսկ արևմտյան կառույցները շարունակ համագործակցության ու կայունության կոչեր են անում:
Ո՞րն է Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծումը:
1. Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից: Դա հնարավորությունն կստեղծի ժամանակավոր կառավարության միջոցով իրականացնել հասարակության ժողովրդավարական համախմբում` դրանից հետո նոր խորհրդարանական ընտրությունների գնալու պայմանով: Սա այս պահին քիչ հավանական է, որովհետև Նիկոլի համար դեռևս մշուշոտ է մնում իշխանությունից դուրս գտնվելու իր ճակատագիրը: Նա լավ է հասկանում, որ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չունի: Իսկ նորից փորձել 2021թ. նման արտախորհրդարանական ընտրություններով վերարտադրվելն ավելի է խորացնելու քաղաքական ճգնաժամն ու երկիրը հայտնվելու է անվերջանալի ցնցումների մեջ:
2. Փորձի համոզել (խնդրել) ընդդիմադիր խմբակցություններին վերադառնալ խորհրդարան, ֆորմալ առումով ցուցադրելով ներքաղաքական բնականոն զարգացումներ` փոխելով քաղաքական պայքարի ձևերն ու օրակարգերը: Սա ևս անհավանական է, քանի որ ընդդիմադիր խմբակցություններն ունեն արտաքին քաղաքական ինքնուրույնություն և կարողանում են առաջնորդվել սեփական քաղաքական օրակարգով: Որքան էլ որ ցանկալի է իր համար, բայց Նիկոլը շանս չունի խորհրդարան վերադարձնել ընդդիմությանը և նրանց մասնակից դարձնել իր քաղաքական դավադիր օրակարգերին:
3. Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով փորձի ներգրավվել ընդդիմությանը նախընտրական լոկալ արշավներին և թուլացնի փողոցային պայքարի ազդեցությունը քաղաքական մյուս գործընթացների վրա: Սակայն սա կարող է միայն ժամանակավոր «լուծում» լինել: Չի բացառվում, որ ՏԻՄ ընտրությունները ևս խթան հանդիսանան հասարակության ընդդիմադիր տրամադրությունների սրմանը:
Հետևաբար, քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվելու է Նիկոլի հետ միասին (քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը): Բռնապետի վերածված Նիկոլը կարծես թե շանսեր չունի և´ իշխանություն պահելու, և´ ժողովրդավար լինելու համար: Էլ չեմ ասում օրարներին տրված խոստումները կատարելու մասին:
Հատկապես, որ դրսում լավ հասկանում են, որ ապազգային կամ հակաարցախյան որևէ նոր փաստաթուղթ կարող է չեղարկվել հաջորդ իշխանությունների կողմից` անկատար թողնելով թուրք-ադրբեջանական տանդեմի գլոբալ ծրագրերը»: