Հունիսի 10-ին, ժամը՝ 14.00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում (Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք, 10 շենք) նշանակված է Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ քննվելու է նրան ազատ արձակելու կամ քաղբանտարկյալի կարգավիճակում բանտարկված պահելը շարունակելու հարցը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում նշել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը:
Նա նաեւ նշել է. «Մամիկոն Ասլանյանը պնդելու է, որ բոլոր դատական նիստերը լինեն դռնբաց և հրապարակային։ Ես ներկա եմ լինելու սպասվող դատական նիստին»:
Հիշեցնենք, որ գործըմակագրված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։
Դատալեքսից տեղեկանում ենք. «Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք»։