Անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ 400 մլն դրամ հատկացնել երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ այս ծրագրի շրջանակներում պարբերաբար մեծանում է եւ դիմողների եւ օգտվողների թիվը:
Նախարարի խոսքով, ծրագիրն ունի երեք բաղադրիչ. առաջինը միանվագ աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար: Երկրորդ բաղադրիչը, հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահռուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ տարեկան ապահովագրավճարը վճարելու համար եւ երորդը, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն: Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով գյուղերում եւ 5 տոկոսի չափով Երեւանում, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամի աջակցություն է տրվում: 3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում այդ չափը կազմումէ 2 մլն դրամ: Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը եւ երրորդ երեխան է ծնվում, պետությունը մինչեւ 4 մլն դրամ աջակցություն է տրամադրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս ծրագիրը սկսել է թափ հավաքել. «Կառավարության ընդունած ծրագրերի դեպքում իրազեկման խնդիր ունենք, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն: Ծրագրերն ընդունում ենք, կառավարության նիստում 15 րոպե քննարկում ենք, մեզ թվում է, թե մարդիկ տեղյակ են, իսկ մարդիկ իրականում տեղյակ չեն։ Մեր բոլոր ծրագրերը պետք է լայնորեն իրազեկվեն։ Ծրագրերը բարդ են, այս նույն ծրագրի համար մի քանի անգամ խորհրդակցություն եմ հրավիրել, որպեսզի նրբությունները հասկանամ»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ մարզերում բնակարան ձեռք բերելու համար աջակցություն է տրամադրվում բոլոր այն ընտանիքներին, ովքեր ունեն երկու անչափահաս երեխա։
«Աջակցությունը հետևյալն է՝ ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը միանվագ վճարում է պետությունը»։
Մանրասնելով ծրագրի մյուս բաղադրիչները ևս՝ վարչապետն ասաց, թե մարդիկ պետք է տեղեկացված լինեն. «Այնպես չլինի, թե փողի համար են երեխա ունենալու։ Չէ՛, ընտանիքի պլանավորումը նորմալ, քաղաքակիրթ բան է, և մարդիկ պետք է իրենց ընտանիքը պլանավորեն։ Եվ ես չեմ տեսնում, որ իմ հանձնարարականը պատշաճ ձևով իրականացվում է։ Մարզում խոսում ես մարդկանց հետ, հարցնում, թե այսպիսի ծրագիր կա, օգտվո՞ւմ եք՝ տեղյակ չեն։ Առաջիկայում պլանավորում ենք, որ մարզային այցեր ենք ունենալու, եթե հարցրի՝ տեղյա՞կ եք ծրագրից, ասացին՝ չէ, արագ խորհրդակցություն եմ հրավիրելու», -ասաց վարչապետը։
Նշենք, որ ներկայացվող նախագծի նպատակը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացի ապահովումն է՝ վերոնշյալ որոշմամբ սահմանված ընթացակարգերին ու ժամկետներին համապատասխան։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է Ծրագրերի շրջանակներում 2022 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում դիմող 560 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 400 մլն դրամ (200-ական մլն դրամ յուրաքանչյուր կիսամյակի համար), որից 200 մլն դրամը 2-րդ եռամսյակի ընթացքում շուրջ 280 շահառուներին աջակցություն տրամադրելու նպատակով։
Հաշվի առնելով 02.05.2022թ. դրությամբ Ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը և փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները՝ 2022 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների համար կպահանջվի ևս 400 մլն դրամ(որից 200 մլն դրամը երկրորդ եռամսյակի համար) շուրջ 560 (75-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 185-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 300-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով) շահառուի վճարում իրականացնելու համար։
2022 թվականի մայիսի 2-ի դրությամբ Ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 810 շահառու, որից 126-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (105,072,344 դրամ), 226-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (11,959,980 դրամ), 458-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (455,208,895 դրամ)։ Արդյունքում 2022 թվականի պետական բյուջեով («1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «12003. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցություն» միջոցառում) առաջինկիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցների (600 մլն. դրամ) մնացորդը 2022 թվականի մայիսի 2-ի դրությամբ կազմում է 27,8 մլն դրամ: