ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մայիսի 31-ին Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ պետք է արձանագրել, որ նշվածը ուղիղ ու բացահայտ կերպով քաղաքական գործընթացներին միջամտություն է, հավաքների ազատությունը ձևախեղելու, զրոյացնելու փորձ է, որի նպատակը, ենթադրվում է, շինծու քաղաքական հետապնդումների նոր շրջանի սկիզբ դնելն է:
Օրվա իշխանությունները երբեք չեն սահմանափակվել ապօրինի քրեական գործերի հարուցմամբ, կալանավորումներով, ահաբեկման մթնոլորտ ստեղծելով: Դրա հաստատումն է տասնյակ մեր Հայրենակիցների ամեն գնով, ապօրինի կալանավորումները: Միաժամանակ խնդրո առարկա հայտարարությունը իրավական աբսուրդի, իրադարձություններ հորինելու նոր նշաձող է:
Հայտարարության մեջ թիրախավորելով Դիմադրության շարժման կազմակերպիչներին և արժանապատիվ քաղաքացիներին վերագրվում են իբր գործողություններ որոնք մեծ երևակայության դեպքում էլ իրականության հետ նվազագույն աղերս չունեն: Օրինակ հայտարարության մեջ նշվում է «Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք»։ Նման կարևոր կառույցի կողմից նման նախադասությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման կոչ, հայտարարություն կամ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, այսինքն սուտ է, այլ նաև հակասում է հենց նույն կառույցի հայտարարության մեկ այլ պարբերությանը ու առհասարակ խաղաղ հավաքի նպատակին։ Մեկ այլ պարբերությամբ նշվում է «հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները» այսինքն արդեն Հավաքի կազմակերպիչները վերածվել են «ուղղորդողի» և պարզ չէ ինչպես վերջնական որակում է օգտագործվում՝ զանգավածային անկարգությունների մասնակիցներ։ Կրկին պետք է նշել, որ այս պարբերությունը ևս չի համապատասխանում իրականությանը, կեղծ է, սուտ է։ Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կամ սպասվում են արդեն լայնորեն տարածված ոստիկանական ցուցմունքների հիման վրա քրեական հարկադրանքի միջոցներ կամ այլ միջոցներով պատմվածքներ կարելու օրվա իշխանությունների ձեռագիրը: Չնայած դրանք ապացուցողական որևէ նշանակություն իրավական պետությունում չեն կարող ունենալ, այս պնդումը հիմնավորվում է թե ներպետական և թե ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, բայց նորություն չէ, որ այդ սկզբունքներն այլևս ոչնչացվում են:
Հատկանշական է ու ցավոք ոչ զարմանալի, որ նույնիսկ չնչին հիշատակում ոստիկանական ապօրինությունների, սադրանքների, բռնությունների, քաղաքացիների մարմնական վնասվածքների վերաբերյալ առկա չէ:
Ցավալիորեն վերջին տարիներին սովորական է դարձել, որ պետական կարևոր մարմիններն ակնհայտ կեղծ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածում և այդ ամենը կատարվում է Հայաստանի Հանրապետության անունից։ Դրա հիմնական պատճառը իրավապահ մարմինների քաղաքականացումն է, որի արդյունքում գործադիրի ցանկությունների սպասարկումը դարձել է հստակ կանոն: Չնայած այս ամենին, որքան էլ դժվար է հիմա դա պատկերացնել յուրաքանչյուր իրավապահ, առավելևս կառույցի ղեկավար պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, գիտակցի իր կոչումը՝ չուրանա այդ ամենին»։