00:00:00

Պետությունն ի վիճակի չէ այդ ծավալի ինֆորմացիա մշակել. Էդգար Ղազարյանը՝ ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները 2024թ.-ից հայտարարագրելու մասին

13:45, 01 հունիս 2022 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները 2024թ-ից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

 

«Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023 թվականի եկամուտների համար: Այն նույնպես շատ կարևոր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի, և այս առումով նաև չափազանց կարևորում եմ»,-ասել է նա:

 

ArmDaily.am-ի հետ զրույցում դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց՝ երբ նախկինում ինքը պաշտոններ էր զբաղեցնում և լրացնում էր բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի և եկամուտների հայտարարագիր, հասկացել է, որ դա ոչ ճիշտ ինստիտուտ է։

 

«Բարձրաստիճան պաշտոնատար անձի մասին պետությունն արդեն իսկ ունի տեղեկություններ, պարտավորեցնել մարդուն տալ տեղեկություն, որը պետությունն արդեն գիտի՝ ավելորդ չարչարանք է այդ սուբյեկտի համար։ Օրինակ՝ եթե ես ունեմ գրանցված աշխատանք և վճարում եմ եկամտահարկ, նշանակում է՝ պետությունն արդեն գիտի, թե ես ինչքան աշխատավարձ եմ ստանում։ Ի՞նչ իմաստ ունի պետությանը նորից ասեմ, թե ես ինչքան եկամուտ եմ ստացել։ Այլ բան է, եթե իմ կատարած ծախսերը, իմ գործունեությունը չհամապատասխանի այն եկամուտներին, որոնք պետությանը արդեն իսկ հայտնի են»,- ասաց Ղազարյանը։

 

Նրա համոզմամբ՝ այս որոշումը տեխնիկապես ևս մեծ խնդիրների և բարդությունների առաջ է կանգնեցնում։

 

«Պետությունն ի վիճակի չէ այդ ծավալի ինֆորմացիա մշակել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս պահին հայտարարություն է տարածել, որ իրենց սերվերները չեն դիմանում. ժամկետ է դրված, որ պետք է հայտարարագրման սուբյեկտները արդեն ներկայացնեին իրենց հայտարարագրերը։ Չեն հասցնում այդ ինֆորմացիան ընդունեն։ Հիմա պատկերացնում եք՝ բոլոր քաղաքացիները, հեռավոր գյուղերում ապրող մարդիկ, կամ մասնավոր ընկերությունում աշխատող բանվորներ, միջին վաճառքի մասնագետներ, բանկերի աշխատողներ նստեն, սկսեն դեկլարացիա լրացնել։ Իմաստը ո՞րն է»,- ասաց Ղազարյանը։

 

Թե ի՞նչ խնդիր է լուծում այս որոշումը,նախկին պաշտոնյան դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այն ավելորդ ծանրաբեռնում է և՛ քաղաքացուն, և՛ պետական մարմիններին։ 

 

«Ես նույնիսկ այն կարծիքին եմ, որ այլևս բարձրաստիճան պաշտոնատար անձանցից էլ պիտի  հայտարարագրեր չընդունվեն։ Այսինքն՝ ոչ թե մարդը ինքը հայտարարագրի, թե ինչքան եկամուտ ունի, այլ պետությունը, քանի որ այդ տեղեկություններն ունի, ինքը իրավունք ստանա դա հրապարակել, հանրությունն էլ հետևի, տեսնի այդ պաշտոնյայի ծախսերը, գործունեությունը համապատասխանո՞ւմ է իր ստացած եկամուտներին, թե ոչ»,- ասաց Ղազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր