Մայիսի 8-ին ընդդիմադիր ուժերի նախատեսած հանրահավաքը սկսվեց իշխանությունների կողմից Շիրակի մարզի Հոռոմ գյուղի խաչմերուկում կազմակերպված ու սադրված ծեծկռտուքով, որ թույլ չտան ընդդիմադիրների մուտքը Գյումրի, և ավարտվեց արդեն Գյումրիի Երևանյան խճուղում տարեցների հետ միջադեպով, որի արդյունքում հետագայում ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին միջադեպի մասնակից 4 երիտասարդներ:
Համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր՝ մի քանի երիտասարդներ հարվածում են տարեց մարդկանց:
ՀՀ Քննչական կոմիտեն հետագայում հայտարարություն տարածեց, ըստ որի՝ «նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը:
Երիտասարդները հետագայում պատմել էին, որ իրենց նկատմամբ կազմակերպված սադրանք է իրականացվել, տվել էին անուններ:
168.am-ի հետ զրույցում կալանավորված երիտասարդներից ՀՅԴ-ականներ Տարոն Մանուկյանի, Գոռ Սարգսյանի, Գոռ Մուրադյանի և Արսեն Մարտոյանի պաշտպան Աբգար Պողոսյանն ասաց՝ քրեական գործի մեջ էական հանգամանքներ են փոխվել. Տարեց մարդիկ՝ տուժողները, հրաժարվել են իրենց ցուցմունքներից:
«Առերեսում տեղի ունեցավ տուժողի և ձերբակալված երիտասարդներից մեկի հետ: Առերեսումն ավարտվեց այն եզրահանգմամբ, որ տվյալ երիտասարդը հասարակական կարգ չի խախտել: Եվ առհասարակ բոլոր մեղադրյալների առնչությամբ, որոնք առերես հարցաքննվել են երեք տուժողների հետ, երեքն էլ պնդել են նույն բանը. Նրանք հասարակական կարգ չեն խախտել, չեն հայհոյել»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ խոսքը 4 մեղադրյալի առերես հարցաքննության մասին է:
Հարցին՝ կա՞ արդյոք վարկած, կամ միգուցե մեղադրյալներն իրենք առաջ քաշած լինեն այն վարկածը, որ միջադեպի կազմակերպման և իրականացման գործում սադրիչների դերակատարման հավանականություն կա, պաշտպանը պատասխանեց՝ նման վարկած կա:
«Ընդ որում, կան նաև կոնկրետ անուններ, որոնց մեղադրյալները տեսել են և Հոռոմի խաչմերուկում, և Երևանյան խճուղում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ: Մեր ունեցած տեղեկություններով՝ բացարձակ ոչ մի գործողություն չի արվել այդ ուղղությամբ ինչ-որ բան պարզելու կամ օբյեկտիվ քննություն տանելու համար»,- ասաց Աբգար Պողոսյանը:
Ճշտող հարցին՝ ի՞նչ բողոք ունեն այս պահին գործով տուժողները մեղադրյալների նկատմամբ, պաշտպանը պատասխանեց՝ ոչ մի բողոք բացարձակ չունեն:
«Ավելին ասեմ. տուժող տարեց մարդկանցից մեկը հուզված փաթաթվել էր տղաներին»,- ասաց Աբգար Պողոսյանը:
Դիտարկմանը, թե եթե գործում էական հանգամանք է փոխվել, ենթադրվում է, որ տղաների արարքը պետք է վերաորակվի, պաշտպանն ասաց՝ ոչ թե արարքը պետք է վերաորակվի, այլ առհասարակ տղաները պետք է արդարացման հիմքով ազատվեն:
«Կոնկրետ մեղադրանքը խուլիգանության մասին է, իսկ այդ հանցակազմը տղաներին վերաբերելի չէ: Բոլոր կալանքի որոշումները բողոքարկված են Վերաքննիչ դատարան: Արսեն Մարտոյանի վերաքննիչ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին, մյուսներինը դեռ հայտնի չէ: Կարծում ենք՝ որոշակիորեն ձևական նիստ է լինելու: Տղաներն ուզում էին վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցել, սակայն, երբ իմացան, որ Արմեն Դանիելյանին է Արսեն Մարտոյանի բողոքը մակագրվել, խնդրեցին, որ էլ իրենց իզուր «Արթիկ» ՔԿՀ-ից չբերեն»,- ասաց պաշտպանը:
Աբգար Պողոսյանը նշեց, որ դատախազը մերժել է տղաներին 4 պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելը:
«Սա խտրական մոտեցում է: Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում սովորաբար կալանավորումներ չեն լինում: Մեր դեպքում նախաքննական մարմինը միջնորդել է կալանավորել տղաներին, դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, դեռ մի հատ էլ այս հոդվածով 4 պատգամավորների երաշխավորությունն է մերժվել: Այստեղ հստակ տարբերակված մոտեցման հետ գործ ունենք:
Ավելին ասեմ՝ ես վստահ եմ՝ ոչ կոնկրետ քննչական խմբի ղեկավարը, և ոչ էլ վերահսկող դատախազն այս գործով ոչ մի որոշում կայացնելու հնարավորություն չունեն»,- եզրափակեց Աբգար Պողոսյանը: