Կազմակերպիչների կողմից տրամադրվել է ցուցակ, որտեղ միայն իշխանական պատգամավորների անուններն են, դա՞ է իրենց պատկերացրած ժողովրդավարությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենց թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ:
«Այսինքն ուզում են, որ այստեղ այլ կարծիք չհնչի: Թող Շվեդիայում, նորվեգիայում իմանան, որ դա է ժողովրդավարությունը:
Միայն միասնականությամբ եւ պայքարով է հնարավոր այս վիճակից դուրս գալ: Միայն այն, որ կին պատգամավորի թեւից կարելի է քաշել, մենք այդպիսի բան չենք հիշում: Մենք դա չենք ուզել, մենք չենք ուզել, որ հայրենասեր տղերքը լինեն քաղբանտարկյալ: Սահման պահող տղեն ոնց կարող է լինել քաղբանտարկյալ:
Մենքժողովրդի պահանջով, նաև ըստ օրենքի, մտան հյուրանոց, բայց հենց ավելի մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է: Լավ, օրենքը վերանում է, բայց հայ տղամարդու վարքագիծ կա, բարոյական սահմաններ կան։ Իմ գործընկեր Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում է հայ տղամարդը հանուն ինչի՞»,- ասաց Վարդևանյանը։
Պատգամավորները սկսեցին վանկարկել՝ «Պայքար», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»:
Նշենք, որ լրագրողներին նույնպես թույլ չեն տվել մտնել ֆորումի սրահ եւ լուսաբանել այն:
Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։