«ԵՊՀ Շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱՌԱՎՈՏՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...
Այսօր վաղ առավոտյան մամուլը հեղեղվեց Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզման հետևանքով երկկողմանի փակ լինելու մասին տեղեկատվությամբ, ինչը բարձրաձայն մտորելու և մի քանի հռետորական հարցադրումներ կատարելու առիթ տվեց: Եվ այսպես.
- Որտեղ էր իրավասու պետական մարմինը, երբ հաստատում էր Ծիծեռնակաբերդի խճուղու անմիջապես մայթեզրին կից շենքեր կառուցելու քաղաքաշինական փաստաթղթերը, այն դեպքում երբ հարևանությամբ կառուցվող շենքի պարագայում նույն պետական մարմինը պահանջել էր շենքը տեղակայել նույն խճուղուց 24-26 մետր հեռավորության վրա (դեպի ներս):
- Որտեղ են վերահսկող պետական մարմինների պատասխանատուները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինները՝ յուր տեսուչներով և հսկիչներով, որոնց անմիջական պատասխանատվության տիրույթում է շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
- Ինչպես է ստացվում, որ մեկ այլ կազմակերպության մի քանի վարորդի ընդդիմադիր հայացքների և քաղաքացիական անհնազանդության ակցիայի ինքնաբուխ մասնակցության համար պետական մարմիների մի ամբողջ բույլ անցնում է ,,հակահարձակման, և մանրակրկիտ ստուգումներ (բնապահպանական, առողջապահական և աշխատանքի, հարկային, քաղաքաշինական գործունեության) է անցկացնում նույն տարածքի հարևանությամբ սոցիալական ծրագրի շրջանակում կառուցապատում իրականացնող ընկերությունում (ստուգելով ընդհուպ մինչև 2010 թվականի փաստաթղթերն ու գործարքները)՝ ամենևին չնկատելով դրա հարևանությամբ իրականացվող կառուցապատման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման ռեալ վտանգը:
- Եվ վերջապես, ինչպես է պատահում, որ նույն տարածքում սոցիալական ծրագիր իրականացնող կազմակերպությանը շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ժամանակավոր այս փուլում, իսկ շահագործունից հետո նաև հիմնական ճանապարհային մուտք ստանալու (ընդ որում ճանապարհի առկայությունը հաստատված է գլխավոր հատակագծով) խնդրանքը բազմաթիվ փաստարկների, հիմնավորումների ու քննարկումների արդյունքում իրավասու մարմնի կողմից բավարարվում է ուղիղ 364 օր անց, իսկ մեկ այլ դեպքում քաղաքային կարևոր ենթակառուցվածքի պահպանման և անվտանգ շահագործման նկատմամբ, նույն մարմնի կողմից ցուցաբերվում է սառը անտարբերություն: Ի դեպ, դրա արդյունքում նաև, ձգձվել է սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող շենքի կառուցապատման ժամկետը, ինչը մեծ անհարմարություն է պատճառել բնակարանի կարիքավոր և անհամբեր բնակարանամուտի սպասող ավելի քան 200 երիտասարդ ընտանիքների:
Մեր օրերում հարցերը շատ են... խտրական մոտեցումների ու անիրավաչափ պատասխանների պակաս նույնպես չի զգացվում ...
20.05.2022