Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Թատեւ Խաչատրյանը:
«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհնազանդության ակցիայի մասնակիցները քիչ առաջ մտել են Մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղ գնացքը գալուց հետո նստել են գնացքի դռների մոտ եւ թույլ չեն տալիս շարժվել: Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»: Որոշ ժամանակ անց ժամանել են կարմիրբերետավորները եւ բերման ենթարկել նրանց: