«Սասնա ծռերի» գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ բուժում ստանալու և դադարեցրել հացադուլը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Բիլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով «Արմավիր » ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց » ՔԿՀ՝ բուժման, սակայն պատկան կառույցները շուրջ 20 օր հրաժարվել են վերջինիս տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», փոխաները՝ առաջարկել են չորս օրով Բիլյանին տեղափոխել Արմավիր քաղաքում քաղաքացիական հիվանդանոց, ինչից հրաժարվել է Բիլյանը՝ նշելով, որ մտավախություններ ունի՝ իր անվտանգության ապահովման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2021թ հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։
Նշենք, որ երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, որի համար դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատապարտվել է ազատազրկման՝ 25 տարի ժամկետով, իսկ Արմեն Բիլյանը, որին մեղսագրվում էր ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանությունը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էր ու ճանաչվել անպարտ։
Բիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք պահելու, կրելու, պատանդ վերցնելու, հրազեն հափշտակելու, շորթելու եւ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար ։ Նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի 11 ամիս ժամկետով ու ազատ արձակվել նիստերի դահլիճից՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Ռուբիկ Մխիթարյանի, 2021թ դեկտեմբերի 10-ին մասամբ բավարարել էր դատախազի վերաքննիչ բողոքը՝ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչելով նաև սպանության համար և վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 25 տարի ժամկետով։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Բիլյանը կալանավորվել է հենց դատական նիստերի դահլիճից։