Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախի Հանրապետություն ռուս խաղաղապահներն են արգելել։ Իշխան Սաղաթելյանի հրապարակած լուսանկարում հստակ երևում է՝ պատգամավորների անուններով ցուցակը ռուս զինվորականի ձեռքում է։ Ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞վ է նման հրահանգ տվել ռուս խաղաղապահներին։
Գործնականում՝ ով ասես կարող է լինել։ Ասենք Ալիևը։ Ադրբեջանական ողջ մամուլն այսօր առավոտյան հեղեղված էր նման պահանջով։ Դա նաև Բաքվի պաշտոնական դիրքորոշումն է՝ ոչ մի հայ պաշտոնյա չպետք է մուտք գործի Արցախ։ Դրա համար էլ կապիտուլյանտների այս իշխանությունը կիլոմետրերով իրեն հեռու է պահում Արցախից։
Դա կարող է նաև Փաշինյանի որոշումը լինել։ Համենայն դեպս, տրամաբանական է ենթարկել, որ այս անգամ հենց այդպես էլ եղել է, որովհետև հակառակ պարագայում մեկ այլ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց ռուս խաղաղապահներին Արցախ այցելող պատգամավորների անվանացանկը։
Հնարավոր է նաև, որ Ալիևի պահանջով Նիկոլն է արել։
Հիմա ես իսկապես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է այս որոշման հեղինակը։ Ռուսնե՞րը։ Ուրեմն ի՞նչ հիմքով։ Իսկ եթե ռուսները չեն, ապա ու՞մ պատվերն են նրանք կատարել։ Իսկ էլ ի՞նչ պատվեր կարող են կատարել…
Խորհրդարանական ընդդիմությունը լուրջ ջրբաժանի առջև է կանգնած հիմա։ Սա պետք է բոլորը լավ գիտակցեն։ Եթե ինձ հարցնեք, ապա կարծում եմ, որ շատ լավ շանս է հարցը «մինչև վարդապետի խազ» հասցնելու համար։ Իսկ եթե Նիկոլը սա էլ մարսեց, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է անգամ երևակայել»։