Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Որտեղի՞ց է առաջացել «Զանգեզուր» անունը և արդյո՞ք այն հայկական է․
Այն, որ Զանգեզուրը պատմական հայկական տարածք է, անվանումը նույնպես, գոնե պատմաբանների ու պատմությունից տեղյակ մարդկանց համար անվիճելի փաստ է։ Բայց կան մեր մի շարք հայրենակիցներ, որոնք հաճախակի լսելով թշնամու հայտարարությունները, սկսում են Զանգեզուրը համարել ադրբեջանական։ Հատուկ այդ մարդկանց համար պատմեմ Զանգեզուրի ծագումնաբանությունը։
Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ «Զանգեզուր» բառը կապված է Ձագեձոր բերդավանի, Գորիսի մոտակայքում Ծակեձոր տեղանվան հետ։
Բայց Զանգեզուրի անվան ամենատարածված վկայության համաձայն, 14-րդ դարում Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ Մեհրի անունով մի հայ իշխան (Նիկոլ Փաշինյանի նախատիպը) Լենկ-Թեմուրին առաջարկում է իր օգնությունը՝ գրավելու Հայաստանի հարավը՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Արարատը, ժամանակակից Կովսականի, Սանասարի, Բերձորի տարածքը՝ ասելով, թե Լենկ-Թեմուրը չի կարողանա գրավել դրանք, քանի դեռ Սյունիքի Խոտ գյուղում կա մեծ զանգը, որով վտանգի դեպքում զգուշացնում են մարդկանց։ Լենկ-Թեմուրը ոսկի ու իշխանություն է խոստանում դավաճանին, եթե նա լռեցնի զանգը։
Մեհրին իր մարդկանց հետ (ինչպես այսօրվա ՔՊ-ն) գիշերը զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը։ Առավոտյան Լենկ-Թեմուրի զորքերն անցնում են Արաքսը և ներխուժում Սյունիք։ Զանգի միջոցով հնարավոր չի լինում զգուշացնել մարդկանց, և Լենկ-Թեմուրը մեկ օրվա ընթացքում գրավում է Սյունիքը։ Մարդիկ հետո հարցնում են, թե ինչ էր եղել զանգին։ Նրանց պատասխանում են. «Զանգը զուր է, զանգը զուր է...»: Դրանից հետո տեղանքը սկսել են կոչել Զանգեզուր։
14-րդ դարից անցել է 700 տարի։ Այսօր ևս թշնամին փորձում է տիրանալ մեր Զանգեզուրին, ու կրկին ի հայտ են գալիս դավաճաններ, որոնք պատրաստ են լռեցնել մեր զորեղ զանգը։
Գոնե այս անգամ ազգովի համախմբվենք և այնպես անենք, որ զանգը զուր չլինի»: