Աշխարհաքաղաքական այս բարդ զարգացումների և պատասխանատու որոշումների շրջանում, գրեթե 10 օրվա տարբերությամբ Ռուսաստանի Նախագահը Հայաստանից երկու տարբեր գրություններ է ստացել։ Մի դեպքում առաջարկվում է համաձայնություն տալ հայկական կամավորական ջոկատին մեկնելու Ուկրաինա` ռուսական հրամանատարության ներքո կռվելու համար, մյուս դեպքում` սեփական Պաշտպանական Բանակը զորացրողը, ով նախորդ նամակի հեղինակին պարգևատրել է Մարտական Խաչ շքանշանով, լրացուցիչ զորք է խնդրում` իր երկրի պաշտպանության կազմակերպման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Բնականաբար երկու նամակներն էլ կմնան միայն մամուլի էջերում` հայ ժողովրդի պատմությանը թողնելով այսօրվա ողբերգական վիճակի արձանագրման իրեղեն ապացույցները։ Ստացվում է, որ ռուսական բանակին օգնություն առաջարկողները նույն պահին ռուսական բանակի օգնության կարիքն են զգում։
Ի դեպ, այդ նույն ժամանակաշրջանում ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ՀՀ արտաքին գործերի նախարարը` Արարատ Միրզոյանը, ՀՀ պաշտպանության նախարարը` Սուրեն Պապիկյանը, իսկ գլխավոր շտաբի պետը` ոչ ոք ... (չնայած մյուսների հանգամանքը հաշվի սռնելով` դժվար է ասել պաշտոնի թափուր լինելն է լավ, թե հակառակորդի կամակատարներ թշնամիներով զբաղեցված լինելը)»,- գրել է Ղազարյանը: