ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Որպես նախկին խորհրդարանական չեմ կարող չարձագանքել և չպաշտպանել ԱԺ նիստերը սպասարկող աշխատակիցներին։
Աժ ընդդիմությունը, բացի աշխատավարձն ու պարգևավճարը, նախկինում եղած ամսական 50.000 պատգամավորական վճարի փոխարեն այժմ ստանում է 250.000 դրամ (այսինքն` 250.000 x 35 պատգամավոր — 8.750.000 դրամ յուրաքանչյուր ամիս), և հիմա բողոքում է, որ ԱԺ նիստերը սպասարկող աշխատակիցների համար աշխարհի պառլամենտներին հարիր հագուստ են պատրաստել, որ հատուկ համազգեստով աշխատեն դահլիճում (ընդհանուր` 1.716.000 դրամ), ու այդ թեման դարձրել են հայոց հարցը, թե բա մեծ գումարներ են վատնում։
Այսինքն, իրենք ամսական մի քանի անգամ ավել պատգամավորական ծախս ստանալուն դեմ չեն, բայց դահլիճում իրենց սպասարկող ԱԺ քարտուղարության աշխատողների համազգեստի ծախսին դեմ են:
Ավելին, դա ավելի կարևոր հարց է Աժ ընդդիմադիրների համար, քան այս պահին եռացող պատերազմի և խաղաղության հարցը, սպասվող գնաճը, սանկցիաների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և այլն:
Վերջապես երբ ենք մենք կենտրոնանալու պետության համար առաջնային խնդիրների վրա, երբ ենք տարբերելու առաջնային հարցերը երկրորդականից»։