00:00:00

Հաջողակ ձեռներեց դառնալու 10 գաղտնիքները

23:16, 20 մարտ 2022 Ժամանց

Տարածված մի միֆ կա, ըստ որի` հաջողակ ձեռներեց լինելու համար պետք է նորարարական մտածողություն դրսևորել և հեղափոխական գաղափարներ առաջ քաշել, իսկ դա այդքան էլ այդպես չի: Իր փորձի վրա հիմնվելով` «World Innovation Institute», «Moon Express», «inome» և «InfoSpace» ընկերությունների հիմնադիր, ձեռներեց, բարեգործ և տեխնոլոգիական պիոներ Նավին Ջեյնը կիսվել է այն 10 գաղտնիքներով, որոնք կօգնեն Ձեզ դառնալու հաջողակ գործարար: 

«Ես զբաղվել եմ ձեռներեցությամբ իմ չափահաս կյանքի գրեթե ողջ ընթացքում: Վերջերս հերթական գործնական հեռավոր թռիչքներից մեկի ժամանակ ես սկսեցի մտածել, թե իրականում ի՞նչ է պետք հաջողակ ձեռներեց լինելու համար, և առհասարակ, ի՞նչ ասել է հաջողություն: Շարունակելով մտորումները` այս երկու գաղափարները գնալով ավելի ու ավելի սկսեցին սերտաճել միմյանց հետ` ձեռք բերելով հետևյալ մոդելի տեսքը՝ հաջողակ` որպես ձեռներեց, կամ ձեռներեցական հաջողություն:

Տարիների ընթացքում ես բազմիցս եմ խոսել ձեռներեցության վերաբերյալ և այդ ընթացքում մի բան հստակ եմ հասկացել. պետք է մարդիկ հասկանան, որ հաջողակ ձեռներեցությամբ զբաղվելու համար պարտադիր չէ բացառապես կախվածության մեջ ընկնել նորարարական մտածողություն դրսևորելուց և հեղափոխական գաղափարներ առաջ քաշելուց: Իրականում, հաջողության գաղտնիքը լավ դատողություն դրսևորելու, պաշտպանվելու ու առաջ մղվելու համադրության մեջ է:

Սակայն միայն դա էլ բավարար չէ: Ի՞նչ է պետք, որպեսզի մարդը լինի հաջողակ ձեռներեց, և ինչպե՞ս պետք է ձեռներեցությամբ զբաղվողը ձևակերպի հաջողություն ասվածը: Ահա խորհուրդների այն տասնյակը, որ ես եմ առաջարկում:

10. Դու պետք է նվիրված լինես քո նպատակներին

Սա նշանակվում է, որ դու պետք է պատրաստակամություն դրսևորես զոհելու քո ժամանակի զգալի մասը բաղձալի նպատակի իրականացմանն ուղղված քայլերին ու գործողություններին: Քո նվիրվածությունը կփոխանցվի նաև քո թիմակիցներին. եթե դու հետևողական լինես ու հետ չկանգնես գործընթացի կեսից, այդ նվիրվածության շնորհիվ ինչպես դու, այնպես էլ քո թիմակիցները չեն կորցնի հավատն այն գործի նկատմամբ, որով զբավում եք:

9. Լավ ձեռներեցը պետք է կենտրոնանա այն հնարավորության վրա, որը չեն տեսնում ուրիշները

 Կենտրոնացումը կօգնի խուսափել անիմաստ ավելորդ գործողություններից և շեղող այլ հանգամանքներից: Ընկերությունների մեծ մասը ձախողվում է ոչ այնքան նրանից, որ գործ չի ունենում, այլ նրանից, որ միևնույն ժամանակամիջոցին բազմաթիվ տարբեր աշխատանքներով են զբաղվում, ինչի արդյունքում տուժում է վերջնական արդյունքի որակը: Ավելի լավ է կենտրոնանալ ավելի քիչ հարցերի վրա, բայց տալ ավելի լավ արդյունք:

8. Տքնաջան աշխատանքն է հաջողության բանաձևը  

Բոլորս էլ գիտենք, որ մի օրվա մեջ հաջողության հասնելն աբսուրդ է: Ցանկացած նշանակալից ձեռքբերման հետևում կանգնած է ամիսների ու տարիների քրտնաջան աշխատանք: Ցանկացած հաջողակ մարդ ձեզ կփաստի, որ հաջողությունն այցելում է այն մարդկանց, ովքեր չեն ալարում ու տքնաջան աշխատում են, իսկ հաջողակ գործարարները առավել ևս կփաստեն, որ իրենց ամբողջ էներգիան նվիրաբերում են իրենց աշխատանքին: Երբ դու գիտես, որ անում ես ամեն հնարավորը, դու երբեք չես ափսոսա, պարզապես պետք է կենտրոնանալ այն բանի վրա, ինչով դու ես զբաղվում, չկորցնել կենտրոնացվածությունը ջանքեր գործադրելիս, և դու կստանաս այն արդյունքը, որը կստանաս:

7. Դեպի հաջողություն տանող ճանապարհը երկար է, այնպես որ մի մոռացիր վայելել այն

Հաճախ են խորհուրդ տալիս կենտրոնանալ բացառապես նպատակների ու խնդիրների վրա, սակայն հաջողակ ձեռներեցները լավ գիտեն, որ պետք չէ մոռանալ նաև բուն պրոցեսի՝ դեպի նպատակի իրականացումն ընկած երկար ճանապարհից հաճույք ստանալու մասին էլ: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդքան չարչարվել ինչ-որ նպատակի հասնելու համար, եթե չես վայելելու մինչ դրան հասնելը քո կյանքի ծախսված ժամանակը: Մի՞թե ավելի հեշտ ու հաճելի չի լինի ինչպես քո, այնպես էլ քո թիմակիցների համար, եթե ձեր աշխատանքը ոչ միայն նպատակամետ լինի, այլև դուրեկան և սիրելի:

6. Վստահիր քո կանխազգացողությանն ավելի շատ, քան աղյուսակներին 

Կայնքում շատ իրավիճակներ են լինում, երբ դու պարզապես չես կարող կուրորեն հիմնվել աղյուսակային տվյալների վրա, որովհետև աղյուսակները ներկայացնում են քեզ կոնկրետ արդյունքներ՝ քո ոչ կոնկրետ ենթադրությունների վրա հիմնվելով և այդ կերպ կարող են կեղծ ապահովության պատրանք ստեղծել: Նման դեպքերում քո լավագույն ընկերը պետք է լինեն քո տրամաբանությունն ու 7-րդ զգայարանը՝ կանխազգացողությունը: Տրամաբանությունը աշխատում է ուղեղի շնորհիվ, և այն համակարգչի պես է՝ աշխատում է 0-ներով ու մեկերով կամ ընկալում է աշխարհը միայն սև և սպիտակ գույներով, իսկ մեր սիրտը՝ ներքին ձայնը, կանխազգացումը, ավելի ստեղծարար մոտեցում է դրսևորում և հաճախ անում է այնպիսի վերլուծություն, որը չես կարող անել «0-ներով ու 1-երով»: Հիրավի, բոլորիս կյանքում էլ, բիզնեսում էլ եղել են պահեր, երբ մեր սիրտն է ահազանգել, որ ինչ-որ բան այն չէ, մինչդեռ ուղեղը հուշելիս է եղել, որ ամեն ինչ նորմալ է, և հաճախ մենք վերջում ենք հասկացել, որ սիրտն այնուամենայնիվ ճիշտ էր, ուստի հաջողակ ձեռներեցը պետք է վստահի նաև իր զգայարաններին:

5. Եղիր ճկուն, բայց պահանջկոտ
Դուք պետք է անընդհատ սովորեք և հարմարվեք՝ ըստ ինֆորմացիայի անդադար հոսքի մատուցած տեղեկատվության նոր չափաբաժինների: Միևնույն ժամանակ, դուք պետք է չմոռանաք պահանջկոտության մասին՝ ձեր ձեռնարկության առաքելության ու նպատակի հարցում: Հենց նման իրավիճակներում է քեզ պետք գալու վերոնշյալ կանխազգացման ու սեփական սրտին վստահելու ունակությունը: Հաջողակ ձեռներեցները կարողանում են բալանսավորեն փոփոխվող իրականությանը հարմարվելու և հետևողականությունն ու պահանջկոտությունը չմոռանալու ունակությունները:

4. Վստահիր քո թիմին այն պարզ պատճառով, որ միևնույն է, ոչ ոք չի կարող ամեն ինչում լավը լինել
Բոլորն էլ այնպիսի մարդկանց կարիք ունեն, ովքեր ունեն իրենց հմտությունները լրացնող հմտություններ և ունակություններ: Ձեռներեցների առավելությունների և միևնույն ժամանակ թերություններից մեկն էլ հենց նրանում է, որ նրանք հաճախ չափից ավելի լավատես են սեփական անձի գնահատման հարցում և բավականին բարդ են հարմարվում այն գաղափարին, որ իրենք էլ կարող են ինչ-որ հարցերում այդքան լավը չլինեն: Մեծ ինքնաճանաչողություն ու ներուժ է պահանջում, որպեսզի ճշգրիտ ինդենտիֆիկացնես հենց այն հմտություններն ու ունակությունները, որոնցից դու լավ ես, իսկ դա անելուց հետո անհրաժեշտ է փնտրել այն մարդկանց, ովքեր կլրացնեն քո թույլ կողմերը և էլ ավելի կհզորացնեն քո առավելությունները: Շատ հեշտ է գայթակղվել քեզ նման մարկանցով, բայց հնարքը նրանում է, որ դու պետք է գտնել քեզանից տարբերվող մարդկանց, ովքեր լավ են հենց այն հարցերում, որտեղ դու ես կաղում, որպեսզի թիմի մեջ լինի փոխլրացնող ու փոխշահավետ սիմբիոզ:

3. Դատողություն, դատողություն, դատողություն
Եթե դուք աշխարհի ամենախելացի մարդը չեք (իհարկե, դուք ամենախելացին չեք), ապա, ամենայն հավանականությամբ, շատ մարդկանց մտքով է անցել անել այն, ինչ դուք եք ուզում անել: Միշտ չէ, որ հաջողության են հասնում ինչ-որ հեղափոխական նորարարություններով շուկա մտնելու հաշվին: Միայն լավ ռազմավարություն ունենալը դեռ չի երաշխավորում, որ դուք կհաղթեք «ճակատամարտում», որովհետև հաղթանակը հավասարապես կախված է նրանից, թե ոնց եք դուք դիմակայում մարտահրավերներին, պաշտպանվում ու ինքներդ անցնում հարձակման:

Շատ անգամ տեսած կլինեք բիզնեսմենների, ովքեր չափից ավելի շատ ժամանակ են տրամադրում PowerPont-ով բազմաէջանի զեկույցներ ու պլաններ կազմելուն, իսկ իմ կարծիքով լավ բիզնես պլանը չի կարող գերազանցել մեկ էջի սահմանը: Հաշվի առեք, որ երբեք ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես դուք եք պլանավորել՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ դուք կհատկացնեք, որպեսզի հնարավորինս մանրամասն ու համապարփակ պլանավորում անեք: Միևնույն է, երբ անցնում ես դրա ի կատար ածմանը, դու անընդհատ հարմարվում ես ու հաղթահարում ես իրականության կողմից առաջ քաշված մարտահրավերները:

 


2. Անհնար է երկարաժամկետ հաջողություն ունենալ՝ չունենալով ազնվություն 
Այս առաքինի արժեքը պետք է ընկած լինի այն ամենի հիմքում, ինչ դուք անեք: Բոլորն էլ խղճի զգացողություն ունեն, բայց ոչ բոլորն են միշտ լսում այդ ձայնին: Ձեր ներքին ձայնը ձեզ միշտ կզգուշացնի, երբ դուք սկսեք հեռանալ ինքներդ ձեր և ուրիշների հանդեպ ազնիվ լինելուց: Մի արհամարհեք այդ ձայնը և հետևեք դրա հուշումներին:

1. Հաջողության բերող ճանապարհը երկար է, և որքան շատ բան դու նվիրես դրան, այնքան շատ բան  ձեռք կբերես վերջում
Մինչ դու կհասնես քո հաջողությանը, այդ ընթացքում բազմաթիվ մարդիկ օգնած կլինեն քեզ: Դու կսովորես, ինչպես ես սովորեցի, որ հազվադեպ է հնարավորություն ընձեռվում օգնել այն մարդկանց, ովքեր օգնել են քեզ այն պարզ պատճառով, որ հաճախ դու չես էլ իմանում, թե կոնկրետ ով ու ինչպես օգնեց քեզ: Այդ լավության տակից դուրս գալու միակ միջոցը կայանում է նրանում, որ մենք ինքներս պետք է ձգտենք օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, որպեսզի նրանք էլ հնարավորության դեպքում օգնեն այլոց և գուցեև մեզ:

Հաջողության մենք հասնում ենք շնորհիվ այն համայնքի ու հասարակության, որին պատկանում ենք, և որքան մեծ հաջողությունների ես հասնում, այնքան ավելի մեծ պետք է լինի քո պատասխանատվության զգացողությունը և այդ համայնքին ու հասարակությանը օգուտ տալու ձգդտումդ: Երբեմն դա արտահայտվում է այլոց նկատմամբ պարզապես բարություն դրսևորելով, երբեմն էլ՝ այլ միջոցներով, և դա մեր պատասխանատվությունն է՝ լինել «լավը» մեր հնարավորությունների, այդ թվում նաև նյութական հնարավորությունների սահմաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր