Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությունն արձագանքել է ՀՀ դատական համակարգում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ իմ գրություններին: Այս մասին հայտնում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հայաստանի իշխանության կողմից երկրի երրորդ` անկախ իշխանության` դատական համակարգի նկատմամբ շարունակ իրականացվող տարատեսակ ճնշումների, անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման, քրեական հետապնդումների դեպքերի, մասնագետների պնդմամբ՝ դատավորին ապօրինի կալանավորելու գործընթացի ահազանգով դիմել էի Եվրոպական երկրների դեսպաններին, ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը՝ ակնկալելով արդարացի արձագանք և համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին։
Ուզում եմ տեղեկացնել, որ ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությունից ստացել եմ արձագանք իմ հնչեցրած ահազանգերի առնչությամբ: Մասնավորապես՝ Գլխավոր տնօրեն Քրիստոս Գիակոմոպուլոսն իր արձագանքի մեջ հղում է կատարել «Ժողովրդավարության վիճակի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության վերաբերյալ զեկույցին» և նշել, որ անկախ և անկողմնակալ դատական համակարգը օրենքի գերակայության հիմնական սյունն է, հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության նախապայմանը։ Քրիստոս Գիակոմոպուլոսը հավելել է, որ Եվրոպայի խորհուրդն իր համապատասխան մարմինների աջակցությամբ հետևում է իրավիճակին Հայաստանում` հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Նախարարների կոմիտեի առաջարկներին, Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաև Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կարծիքներին։
Գլխավոր տնօրենը տեղեկացրել է նաեւ, որ իրենք համապատասխան օղակներով և համագործակցության ծրագրերով ակտիվորեն համագործակցում են ազգային իշխանությունների և դատական համակարգի հետ։
Այսպիսով, ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության բաժնի գլխավոր տնօրենի պատասխան նամակի ուսումնասիրության, դրանում մատնանշված ուղենիշների համատեքստում Հայաստանում առկա իրավիճակին հետևելով՝ կարող ենք եզրահանգել, որ Հայաստանը դատական անկախության մասով ՀՀ Մայր օրենքով` Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ դրույթների պաշտպանության լրջագույն խնդիրների առաջ է կանգնած։ Դատական համակարգի անկախության ապահովման հարցը օրեցօր ձեռք է բերում առավել մեծ հրատապություն։
Հ.Գ. Պատասխան-արձագանքի մասով իրազեկումը փոխհամաձայնեցված է»։