Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում:
Ուկրաինայում պատերազմ է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե տեղեկություն չունի հնարավոր զոհերի եւ վիրավորների մասին։ Բայց՝ մի հատ լավատեսական նոտա տալիս է՝ որ բան իմանան՝ մեզ կտեղեկացնեն։
Այս պահի դրությամբ ամենալարված իրավիճակը Խարկով, Մելիտոպոլ, Խերսոն քաղաքներում է, որտեղ ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում։
Երեկ, երբ զրուցում էի Մելիտոպոլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանք հաստատեցին, որ ռուսական դեսանտն արդեն Մելիտոպոլում է։
Թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար, ես չգիտեմ, սակայն հայ համայնքն ինքն ակտիվորեն ինքնակազմակերպվում է եւ այս պահին, ինչպես ինձ փոխանցեց Տեր Մարկոս Սրբազանը՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ ապաստան են գտել Խարկովի հայկական եկեղեցում, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքների հայկական եկեղեցիներում։
Ավելին, Ուկրաինայի հայ համայնքի մեծահարուստները, որոնք Կիեւում եւ այլ քաղաքներում ունեն ռեստորաններ, սրճարաններ եւ այլ հաստատություններ, գրեթե բոլորի նկուղային հարկերը տրամադրված են մեր հայրենակիրցներին՝ կանանց, ծերերին եւ երեխաներին՝ որպես բունկեր։
Ուկրաինայի հարավում, որտեղ հիմնական ռազմական գործողություններն են ընթանում, մեր հայրենակիցները երկու օր է իրենց տների նկուղներում են եւ ինչպես փոխանցեցին ինձ՝ արդեն կա սննդի լուրջ խնդիր եւ խանութները գրեթե դատարկ են։
Այս պահին ռուսական զորամիավորումները արեւմուտքից շրջափակել են Կիեւը, իսկ Կիեւում մեր համայնքը մեծաթիվ է։
Զոհ կամ վիրավոր Ուկրաինայի հայ համայնքի քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, չկա։
Պատերազմը, ցավոք, շարունակվում է եւ ես պարբերաբար տեղեկություն կտրամադրեմ Ուկրաինայում հայ համայնքի վիճակի վերաբերյալ»,- գրել է Զոհրաբյանը: