00:00:00

Քոչարյանը եւ Փաշինյանն այս առումով նույնական են

16:54, 17 փետրվար 2022 Քաղաքականություն

«Ինձ դուր չեկավ, որ Պուտինը ասաց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, բայց ձեզ իրենց տեղը դրեք։ Եթե Հայաստանն ինքը չի արձագանքում, իրավունք ունե՞նք պահանջելու ուրիշներից», «Ռուսաստանին ձեռնտու է ունենալ Հարավային Կովկասում ուժեղ դաշնակից, և Հայաստանն այդպիսին է եղել մինչև վերջին պատերազմը», «Ռուսաստանը տեսնում է, որ եթե չի կարողանում միջամտել պրոցեսներին, դառնում է մասնակից», կամ Ռուսաստան, կամ Թուրքիա, ուրիշ ճանապարհ չկա, ՀԱՊԿ-ը մեր շահերը չի պաշտպանելու, բայց դուրս գալու կարիք չկա, եւ այլն․ այս եւ նմանատիպ բազում մտքեր է արտահայտել Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա ասուլիսում։

Քոչարյանն այսպիսով գրեթե շարունակում է Լուկաշենկոյի՝ Հայաստանը գնալու տեղ չունի թեզը՝ Ռուսաստանի արդարացմամբ եւ նաեւ վատ քողարկված շանտաժով։

Քոչարյանին դժվար է քաղաքական գործիչ անվանելը, մյուս կողմից՝ «շարքային ընդդիմադիրի» կարգավիճակն էլ սազական չէ։ Միեւնույն ժամանակ, նրա կիսատ-պռատ ճշմարտությունները եւ «գեոպոլիտիկ» մտքերը կրկնում են հայկական միջին վիճակագրական մեդիա-քաղաքագիտական շրջանակների կաղապարներն ու ուղղվածությունը՝ անհամարժեքության, անօգնականության, վախերի, քաղաքական զարգացումների պատճառահետեւանքային կապերի թյուրընկալման, հայկական գործոնի թերագնահատման անջնջելի կնիքով եւ արտաքին կողմնորոշումների վերաբերյալ պրիմիտիվիզմով։ Մի կողմ ենք թողնում արտաքին շահերի լոբբինգի հանգամանքը, թեեւ մեկը մյուսին չեն հակասում։

Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանն այս առումով նույնական են եւ ձեռք-ձեռքի Հայաստանն ամուր պահում են ռուս-թուրքական ծրագրերի ծիրում։ Այս երկուսի կողմնակիցներից կազմավորված խորհրդարանն այդպես էլ չքննարկեց Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի քաղաքական գնահատականի, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի, Արցախի ճանաչման եւ վերամիավորման որոշման հարցերը։ Քաղաքական նախաձեռնությունների, Հայաստանի քաղաքական դերակատարության, իրավունքների ու պահանջների հստակ հայեցակարգերի մասին ավելորդ է խոսել։

Նյութի աղբյուրը՝ lragir.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր