Իսրայելում ապրող թուրք լրագրող Ուզայ Բուլուտը հոդված է հրապարակել Providence կայքում, որտեղ Ադրբեջանին մեղադրում է պատմությունը կեղծելու համար և դատապարտում Ադրբեջանի կառավարության որոշումը՝ 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներում գտնվող կրոնական կոթողներից հայկական գրությունները ջնջելու համար։
Լրագրողը շեշտել է, որ Ադրբեջանի այդ որոշումը ուղղակիորեն խախտում է Միջազգային դատարանի վճիռը։ Այդ վճռով ամրագրված է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ կանխելու ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական կրոնական ու մշակութային կոթողների պղծման ու վանդալիզմի բոլոր փորձերը։
Թուրք լրագրողը հիշեցնում է, որ սա Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու առաջին փորձը չէ։ Մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվող երկու ականավոր հետազոտողներ՝ Սիմոն Մաղաքյանն ու Սարահ Փիքմանը 2019թ․ գրել են, որ Ադրբեջանը վերացրել է 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22 000 գերեզման Նախիջևանում։ Մաղաքյանը դա անվանել է 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանությունը։
Թուրք լրագրող Բուլուտն անդրադարձել է նաև 1914-1923թթ․ հայերի Ցեղասպանությունից հետո Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերված վերաբերմունքին։ Նա նշել է, որ հայերին ցեղասպանելուց հետո թուրքերը հայերին պատկանող տները, դպրոցներն ու եկեղեցիները վերածվել են բանկերի, մզկիթների, պահեստների և այլն, կամ էլ, ուղղակի, թուրքերի և քրդերի համար որպես ախոռատներ են ծառայել։
Բուլուտը գրել է, որ թուրքերը նման հանցագործություններ են արել նաև հույների, ասորիների նկատմամբ։ Կոստանդնուպոլսում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը, որը մի ժամանակ եղել է աշխարհում ամենահայտնիներից մեկը, առաջին անգամ պղծվել, մզկիթի է վերածվել 15-րդ դարում, երբ օսմանյան թուրքերը ներխուժել են քաղաք։ Լրագրողը հիշեցրել է, որ 2020թ․ կրկին հայտնի տաճարը վերածվել է մզկիթի, որից մեկ ամիս անց նույն ճակատագրին է արժանացել հունական ևս մեկ պատմական եկեղեցի՝ Խորան։