00:00:00

Հայաստանի օդային տարածքը վտանգված է՝ քաղաքացիական ինքնաթիռների անվան տակ ադրբեջանական տարբեր հետախուզական ինքնաթիռներ կարող են մուտք գործել ՀՀ օդային տարածք

02:23, 07 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանի օդային տարածքը միշտ էլ փակ է եղել: Ոչ թե Ադրբեջանն է որոշել չօգտվել, այլ հայկական կողմը որոշակի պահանջներ է դրել և դրանց չկատարման պարագայում այդ միջանցքը չի աշխատել: «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը: Պնդումը, թե օդային տարածքը բաց է եղել, նրա դիտարկմամբ, սուտ է, քանի որ եթե այն բաց լիներ, հայկական կողմը կկարողանար Ադրբեջանի օդային տարածքով գնալ Ստեփանակերտ: «Այնպես չէ, որ Ադրբեջանն ուզել է ու չի օգտվել օդային տարածքից, ուղղակի դրա համար հայկական կողմի թույլտվությունն է անհրաժեշտ եղել, որը չեն ունեցել: Պետք չէ պաշտոնապես հայտարարել, որ օդային միջանցքը բացում ենք: Պարզապես, երբ ինքնաթիռը թռչում է Հայաստանի օդային տարածքով, համապատասխան մարմինները պետք է այդ ինքնաթիռի շարժին հետևեն, կառավարեն և օգնեն ճիշտ ուղիով գնալ: Եթե դա հայկական կողմը չի արել, ոչ մեկ մեր փոխարեն չէր կարող անել, հետևաբար այն միշտ էլ փակ է եղել»,-նշեց Արմեն Մանվելյանը: Նրա կարծիքով սա քաղաքական հարթության խնդիր է, և իշխանություններն ամեն ինչ անում են Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ: Փորձագետի համոզմամբ օդային միջանցքի տրամադրումն ադրբեջանական կողմին մեր առաջին քայլերից է: Ընդ որում՝ հայկական կողմն այս քայլին գնացել է ոչնչի դիմաց: Արմեն Մանվելյանը նշում է, որ եթե գոնե պետականամետ իշխանություն լիներ, գոնե գերիների մի մասի վերադարձը կպահանջեր դրա դիմաց: «Շարունակաբար առանց ոչ մի բան պահանջելու զիջումներ ենք անում: Նույնիսկ Գորիս-Կապան ճանապարհի տրամադրումն Ադրբեջանին, որը կրկին չի բխում այդ կապիտուլյացիոն պայմանագրից, կրկին ոչնչի դիմաց տրամադրվեց: Տալիս ենք օդային միջանցք ու ոչինչ չենք պահանջում: Սա այսօրվա իշխանությունների պատկերի մասին է խոսում»,-ասաց փորձագետը: Վերջինս նշում է, որ, ցավոք սրտի, հանրության զգալի հատվածը ցանկացած բանի հետ հարմարվել է: Միայն փոքր ակտիվ մտածող զանգվածին է ստեղծված իրավիճակը ցավ պատճառում: Արմեն Մանվելյանն ընդգծում է, որ ադրբեջանական չվերթները Հայաստանի օդային տարածքում միանշանակ որոշակի վտանգներ է իրենից ներկայացնում: Նրա խոսքով քաղաքացիական ինքնաթիռների անվան տան տարբեր հետախուզական ինքնաթիռներ կարող են մուտք գործել ՀՀ օդային տարածք: «Հայաստանում եթե քիչ թե շատ հայամետ իշխանություն ունենք, ուղղակի չէր կարող տալ այդ միջանցքը: Թշնամու համար դարձել ենք բաց ու թափանցիկ երկիր: Անցել է մեկ տարի պատերազմից և ոչինչ չենք արել սահմանների ամրացման համար, բանակի ուժեղացման համար, և դա չենք էլ թաքցնում: Այն պայմաններում, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են, երբ մենք կարող ենք որոշակիորեն օգտվել այդ հարաբերությունների սրումից, ի՞նչ ենք անում: Երկու խայտառակ քայլ: Նախ` վարչապետը հայտարարում է, որ պատրաստ է Ալիևի հետ հանդիպել ու քարտեզներ տանել, ինչը պոպուլիզմի բնագավառից է: Երկրորդն էլ՝ միջանցքն ենք տրամադրում»,-ասաց Արմեն Մանվելյանը: Մինչդեռ պետք է օգտվեինք ստեղծված իրավիճակից և Իրանի հետ խորացնեինք մեր հարաբերությունները, բայց գործող իշխանությունները հակառակն են անում և կանգնում թուրք-ադրբեջանական տանդեմի կողքին: «Փաստորեն այսօրվա իշխանությունների համար տարածաշրջանի դաշնակիցը թուրք-ադրբեջանական տանդեմն է»,-հավելեց Արմեն Մանվելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր