00:00:00

«Սամոս դիրքերում ծաղիկներ էր աճեցրել, տղերքին ասել էր՝ ինձ որ մի բան եղավ, ծաղիկները կտանեք մորս կտաք»

19:50, 04 հոկտեմբեր 2021 Հասարակություն

«Բացի ինձանից բոլորն իմացել են, որ իմ տղեն պատերազմի առաջին օրվանից դիրքերում է եղել, կռվել ամենաթեժ տեղերում՝ Ջրական, Վարանդա, Կովսական: Վերջին օրերին տեղափոխել էին Մարտունի-2: Պատերազմի օրերին ամեն օր զանգում էր, երևի դա էր պատճառը, որ վախ կամ որևէ անհանգստություն չի եղել, որ իմ տղեն էդ պահին ամենաթեժ տեղում է: Շատ հանգիստ ձայնով էր խոսում, ասում էր՝ մամ, լավ, ես քնեմ, կամ՝ լողանում եմ: Անջատում էի հեռախոսը և մտածում՝ հա լավ, պատերազմի դաշտում իմ տղեն որտե՞ղ է լողանում: Իր ձայնի հանգստությունը թույլ չէր տալիս, որ ես անգամ ինչ-որ բան կասկածեմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Սամո Ղազարյանի մայրը՝ Անուշ Հովսեփյանը: Տիկին Անուշն ասում է՝ իմ տղեն իմ հետ կապված էր, բայց ոնց կարողացավ էդքան ժամանակ ինձ խաբել, որ ես չզգացի… ախր որ մի բան էն չլիներ, ես կզգայի:
«Իմ տղուն տեղափոխել էին Ճարտար գյուղի դիրքեր: Թշնամու դիվերսիոն խումբը հարձակվել է իրենց վրա: Ծառայակից ընկերները պատմում էին, որ հեռադիտակով նայել է տարածքը և տեսել, որ 4 կողմից սև շորերով ուրիշ համազգեստով են եղել հարձակվողները: Իրենք էնքան մոտ են եղել, որ Սամոս հարցրել է՝ տղե՛րք, հա՞յ եք: Ու էդ ժամանակ հարձակում է եղել: Իմ տղեն երեք անգամ կապ է տվել վաշտի հրամանատարին, որ հարձակում է, արթնացեք, բայց վաշտի հրամանատարից ոչ մի պատասխան չի եղել: Սամոս պահել է ամբողջ ճակատը, որ անվտանգ նահանջ ապահովեր զինծառայակից ընկերներին»,- պատմում է հերոսի մայրը: Սամո Կարենի Ղազարյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում: Բուհական կրթությունը (ՀՊՏՀ-ի Կառավարում բաժին) կիսատ թողնելով՝ 2019թ.-ին զորակոչվել է բանակ, 6 ամիս ծառայել է Գյումրիի հակատանկային զորամասում՝ ստանալով կրտսեր սերժանտի կոչում, ծառայությունը շարունակել է Արցախում (Ստեփանակերտ, Հայկազովի զորամաս): Սամո Ղազարյանը կարճ ժամանակում կրտսեր սերժանտից դարձել է սերժանտ: Զորամասում եղել է «Շտուրմ» հակատանկային հրթիռային համակարգի նշանառու-օպերատոր: Պատերազմի առաջին իսկ օրից տարբեր ուղղություններով կռվել է Արցախի համար մղվող մարտերում: Ջրական, Վարանդա, Կովսական. այս ուղղություններով աննահանջ կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ: Ժամկետային զինծառայողի վերջին ուղղությունը լինում է Մարտունին, որտեղ մասնակցում է Ճարտար գյուղի պաշտպանությանը: Սամո Ղազարյանը կռվի է բռնվել թշնամու 40 հոգանոց դիվերսիոն խմբի հետ և ծառայակից ընկերների համար ապահովել անվտանգ նահանջ: Զոհվել է նոյեմբերի 2-ին Ճարտար գյուղի պաշտպանության ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: Տիկին Անուշը պատմում է, որ որդին ինքնամփոփ էր, քչախոս, խելացի, մաքրասեր: «Սամոս դիրքերում ծաղիկներ էր աճեցրել, տղերքին ասել էր՝ ինձ որ մի բան եղավ, մորս կտանեք կտաք ծաղիկները: Ծաղկի անունը «Մոր սիրտ» է, տվեցին ինձ այդ ծաղիկը, փարթամացել է, օր օրի գեղեցկանում է…»: Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայողի մայրը ասում է, որ Սամոյի հետ վերջին անգամ խոսել են նոյեմբերի 1-ին: «Էդ օրը Սամոս զանգեց, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, մամ, գնամ քնեմ… ես էլ մտածում էի, որ պիտի քնի, թող քնի, իր քնի հաշվին չլինի խոսելը: Նոյեմբերի 2-ին ընդհանրապես չզանգեց, մենք անհանգստանում էինք, որովհետև մեզ ամեն օր զանգում էր, իսկ եթե չէր զանգել, ուրեմն մի բան էն չէ: Նոյեմբերի 3-ին զանգեցինք վաշտի հրամանատարին, ծառայակից ընկերներին, պատասխան չեղավ: Նամակներ գրեցինք, որ պատասխանի… վերջապես ամուսնուս զանգին պատասխանեց: Շփոթության մեջ ճիշտ պատասխան տվեց, ասաց՝ մենք փախանք, Սամոն մնաց թուրքերի կողմը, ու էլ վաշտի հրամանատարից էդ նույն պատասխանը մենք չլսեցինք»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված զինծառայող Սամո Ղազարյանի մայրը՝ Անուշ Հովսեփյանը: Անահիտ Չալիկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր