00:00:00

«Թրանսփերենսի ինթերնեյշընըլի» ծրագրով ԵՊՀ դասախոսները դասախոսություններ են կարդացել Արցախում. համալսարանականներն ազգային արժեքներին վտանգ են տեսնում

23:44, 29 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Մայր բուհը իշխող քաղաքական ուժի կողմից տոտալ հսկողության ներքո վերցնելու պրոցեսը շարունակվում է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում մտահոգություն հայտնեց ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։ «Հատկապես երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ԵՊՀ գիտխորհուրդը պահանջեց գործող իշխանության հրաժարականը, դա իրենց համար ազդանշան եղավ ու, օգտվելով ընտրություններում իրենց «հաղթանակից», որոշեցին վերջնականացնել Մայր բուհի գրավումը՝ իրենց կամակատար մարդուն, քաղաքական թիմի անդամին՝ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, նշանակել ԵՊՀ ռեկտոր, որը կապահովի համալսարանում իշխանությունների հանդեպ լոյալությունը»,- փաստեց նա։ Սա գործընթացի գլխավոր նպատակն էր, որն իրականացնելու համար դիմել են հակասահմանադրական և հակաօրինական մեթոդների։ Համալսարանի գլխին իրենց ցանկալի մարդուն դնելով՝ իշխող թիմը այժմ էլ համալսարանականների շրջանում իրենց արժեքները, քաղաքական կուրսը և Արցախյան հարցի իրենց տեսլականը քարոզելու գործընթաց է սկսում, որի մասին շատ համալսարանականներ ահազանգում են, քանի որ վտանգված են համարում ազգային արժեքները, և հատկապես, Արցախի հարցի մասին հայանպաստ դիրքորոշումը։ Բանն այն է, որ ռեկտորի նոր ԺՊ-ն «Թրանսփերենսի ինթերնեյշընըլի» հետ համատեղ ծրագրով կազմակերպել է դասախոսությունների շարք Արցախում՝ Արցախյան հիմնահարցի, միջազգային իրավունքի, մարդու իրավունքների թեմաներով։ Այս մասին համալսարանականներին եկել է հաղորդագրություն ԵՊՀ ռեկտորատից։ Սա շատ համալսարանականներ գնահատում են որպես «Թրանսփերենսի ինթերնեյշընըլի» սահուն մուտքը համալսարան․ ենթադրում են, որ համագործակցության առաջին ծրագիրը երբ հաջողվի, դրանից հետո արդեն այլ թեմաներ, այլ ծրագրեր էլ կլինեն։ «Սա մտահոգիչ է՝ նկատի ունենալով, թե «Թրանսփերենսի ինթերնեյշընըլի» նման ՀԿ-ները ինչ օրակարգ են առաջ քաշել և տարել երկրում, որոնք իրենց սուր ծայրով ուղղված են եղել ազգայինի դեմ, կոռուպցիայի դեմ պայքարը վերցնելով որպես լոզունգ՝ իրականացրել են ծրագրեր, որոնց բովանդակությունը ազգայինի դեմ է ուղղված և որոնց բովանդակությունն է պատրաստել այնպիսի արժեհամակարգով երիտասարդություն, որոնք մերժում են ազգայինը»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։ ԱԺ իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը և այլք, ովքեր առնչություններ ունեն ապազգային կառույցների հետ և մեծաթիվ ծրարեր են իրականացրել Սորոսի հիմնադրամով, սկսել հայտնվել համալսարանում։ «Հերիքնազ Տիգրանյանը ելումուտ է անում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատասենյակ, երեկ Դանիել Իոաննիսյանն էր համալսարանի ուսանողների հետ խմբերով կանգնում, հանդիպում, խոսում։ Սա ուղղակի առաջին ծաղիկներն են՝ արտաքին կողմն է, իսկ այս ամենը թույլատրելու պարագայում շատ ավելի խորքային պրոցեսներ տեղի կունենան»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։ Նա համոզված է, որ ԵՊՀ-ում անցանկալի մարդկանց հետ հաշիվները մաքրելու են, որովհետև արդեն այդ պրոցեսն սկսվել է․ արդեն իսկ անհիմն մեղադրանքներով պաշտանից ազատվել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Էմին-Տերյանը, նրա համար, որն իրավացիորեն քննադատել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին և այն գործընթացը, որի արդյունքում այդ մարդը հայտնվել է համալսարանում որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Որոշ այլ մարդկանց ևս հորդորներ եղել են, որ դուրս գան ԵՊՀ-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր