00:00:00

Առանց պլաստիկ վիրահատությունների՝ բնական գեղեցկությամբ․ ով է ներկայացնելու Հայաստանը «Միսս Երկիր» մրցույթում

17:40, 27 սեպտեմբեր 2021 Շոուբիզնես

«Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Երևանում ծնված 23-ամյա Մարինա Շուքուրյանը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսերը՝ Յանա Գրիգորյանը, որը 20 միջազգային մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է։ «Գուցե, Հայաստանում քչերն են տեղյակ, բայց «Միսս Երկիր»-ն ունի նույն վարկանիշը, ինչ «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհը» եւ «Միսս Ինտերնացիոնալը»,-ասաց Գրիգորյանը։ Մարինան մասնագիտությամբ տնտեսագետ է: Ավարտել է ԵՊՀ–ի տնտեսագիտություն և կառավարում բաժինը: Սովորել է նաև գրաֆիկ դիզայն և հիմա աշխատում է այդ ոլորտում, զուգահեռ զբաղվում է մոդելինգով։ «Ունեմ տարբեր հոբբիներ, որոնց թվում են նկարչությունը, երգելն ու դաշնամուր նվագելը։ Ժամանակ առ ժամանակ մեծ թենիսով եմ զբաղվում, ինչպես նաև ազատ ժամանակս տրամադրում եմ կամավորական աշխատանքներին։ Շատ եմ սիրում ճանապարհորդել, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին, քանի որ դա ինձ միշտ ոգեշնչում է: Սիրում եմ կենդանիներին, հատկապես` շներին, հաճախ եմ գնում անտուն կենդանիների ապաստարան, փորձում եմ նրանց համար բարի տերեր գտնել»,–ասում է Մարինան: Նա 2019 թվականին արժանացել է «Թոփ մոդել Հայաստան» տիտղոսին: Մարինան շատ ուրախ է, որ հենց իրեն է հնարավորություն ընձեռվել ներկայացնելու Հայաստանը «Միսս Երկիր 2021»–ում։ Նշենք, որ աղջիկը չի դիմել ոչ մի պլաստիկ միջամտության։ «Լինելով այդ մրցույթի մասնակից` ուղերձ եմ հղելու երկրագնդի բնակիչներին, որպեսզի պահպանեն ու փայփայեն մեր շրջակա միջավայրը»,–ասաց նա։ Լուսանկարներում՝ Մարինա Շուքուրյան Պրոդյուսեր Յանա Գրիգորյանի խոսքով` համավարակի պատճառով մրցույթը կանցկացվի հեռահար։ Մեր երկիրն այս մրցույթին մասնակցում է 2015 թվականից։ «2015 թվականին այս մրցույթում մեր երկիրը ներկայացրել է Լիլիթ Մարտիրոսյանը, 2018 թվականին՝ Սոնա Դանիելյանը, 2019 թվականին`Հռիփսիմե Սարգսյանը, 2020–ին`Երանուհի Մելիքյանը»,- մեզ հետ զրույցում նշեց Յանա Գրիգորյանը, հավելելով, որ մասնակիցներից Հռիփսիմե Սարգսյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը մրցութային փուլում, Երանուհին՝ երրորդ։ «Միսս Երկիր 2021»–ը մեկնարկել է սեպտեմբերի 20–ին Ֆիլիպիններում և կավարտվի դեկտեմբերի 12–ին։ Այս տարի տիտղոսի համար կպայքարեն 90 երկրների գեղեցկուհիներ։ «Այս տարի որոշեցի համագործակցել Տաթև Ավետիսյանի հետ, որը «Թոփ մոդել Արմենիա», «Միսս ֆեյսբուք» և «Միսս ինստագրամ» մրցույթների կազմակերպիչն է։ Կան պլաններ, հետագայում միասին համագործակցելու և բարձր մակարդակով կազմակերպելու ազգային մրցույթ, որի շրջանակում ավելի շատ աղջիկներ հնարավորություն կունենան մասնակցելու նախընտրական փուլին և 2022 թվականին Հայաստանը ներկայացնելու «Միսս Երկիր 2022»–ին»,– նշեց Յանա Գրիգորյանը։ Լուսանկարում՝ պրոդյուսեր Յանա Գրիգորյան «Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորությամբ։ Սա այն մրցույթներից է, որտեղ աղջիկներն արտաքին տվյալներից բացի, պետք է կարողանան ճիշտ ներկայացնել սոցիալական մի շարք հարցեր, մասնավորապես շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բնապահպանությանն առնչվող խնդիրները։ Հաղթողը դառնում է ՄԱԿ-ի դեսպան։ Մասնակցում են 18- 28 տարեկան աղջիկները»,- ասաց Յանա Գրիգորյանը։ Նա նշեց, որ ավելի շատ կարևորվում է սեփական երկրում բնապահպանական խնդիրները ներկայացնելը։ Մրցույթն անցկացվում է մի քանի  փուլով։ Քվեարկությունը տեղի կունենա հեռավար, բայց այս ամբողջ ընթացքում ժյուրիի անդամները հնարավորություն ունեն տարբեր հարցեր ուղղել մասնակիցներին։ Յանա Գրիգորյանը վստահ է՝ Հայաստանն այս մրցույթին լավ է պատրաստվել, արդյունքները գոհացնող կլինեն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր