00:00:00

25 դիպուկ հարց, որոնք թույլ կտան ավելի լավ ճանաչել դիմացինիդ

05:49, 15 հուլիս 2021 Ժամանց

Մարդկանց ավելի շատ դատեք ըստ իրենց հարցերի, քան ըստ պատասխանների: Վոլտեր Խելամտորեն ընտրված դիպուկ հարցերը շատ բան կարող են հուշել դիմացինիդ մասին։ Անկաշկանդ խոսակցության գրավականը  ճիշտ ընտրված հարցերն են։ Այս հոդվածում մենք առանձնացրել ենք 25 դիպուկ հարց, որոնք շատ բան կարող են հուշել զրուցակցիդ մասին։
1. Ո՞րն է քո մանկության լավագույն հուշը։
Այս հարցը միշտ մարդկանց ստիպում է ժպտալ և հաճախ հումորային կամ սրտաճմլիկ խոսակցության սկիզբ դառնում, խոսակցություն ընտանիքի, ճանապարհորդությունների, արձակուրդների, ավանդույթների, հույսերի, երազանքների ու մանկության ընկերների մասին։ Մարդու մասին շատ բան կարելի է իմանալ, երբ նա կիսվում է մանկության հիշողություններով։
2. Եթե հնարավորություն ունենայիր կյանքդ վերստին սկսել, ի՞նչն այլ կերպ կանեիր։
Այս հարցի պատասխանը կարող է պատկերացում տալ զրուցակցի հոգեվիճակի, խոցելի կողմերի, հույսերի ու երազանքների մասին։ Ափսոսանքների կամ չիրագործված ցանկությունների մասին խոսակցությունը հաճախ թույլ է տալիս տեսնել դրանք իրագործելու նոր հնարավորությունները կամ անհրաժեշտ փոփոխությունը կատարելու վստահություն հաղորդել։
3. Ինչպե՞ս հանդիպեցիք իրար։
Սա շատ լավ հարց է, որը կարելի է ուղղել սիրահար զույգին։ Վերհիշելով իրենց հանդիպման պատմությունը՝ նրանց փոխհարաբերություններն ավելի կուռ են դառնում: Հանդիպման երջանիկ հուշերն ավելի են մոտեցնում իրար սիրահարներին։ Դա նրանց վերամիավորվելու հնարավորություն է տալիս, իսկ դու հնարավորություն ես ստանում ավելի շատ բան իմանալ նրանց անցյալի և նրանց սիրային հարաբերությունների մասին։
4. Ի՞նչով ես ամենից շատ հպարտանում։
Այս հարցը մարդկանց մոտ վստահություն է առաջացնում, որ դու հետաքրքրված ես իրենցով։ Բոլորն էլ ցանկանում են կայացած ու հպարտ զգալ։ Այս հարցը հնարավորություն է տալիս մարդուն կիսվել իր ձեռքբերումներով՝ առանց գոռոզ անձնավորության տպավորություն թողնելու։ Այս հարցի պատասխանը թույլ կտա պատկերացում կազմել այն մասին, թե մարդ ամենից շատ ինչն է գնահատում այս կյանքում։
5. Ի՞նչ երաժշտություն ես սիրում։
Մեր հավանած երաժշտությունը որոշակի պատկերացում է տալիս դիմացինին մեր մասին։ Դրանում արտացոլվում են մեր երազանքներն ու մոտեցումները։ Մենք սովորաբար հաճույքով լսում ենք այն երաժշտությունը, որը հոգեհարազատ է մեզ։
6. Եթե ճանապարհորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կուղևորվեիր և ինչո՞ւ։
Այս հարցը ոչ միայն ճանապարհորդական փորձառություններով կիսվելու հնարավորություն է ընձեռում, այլև հնարավորություն տալիս գաղափար կազմել զրուցակցի հետաքրքրությունների ու անձնային որակների մասին։
7. Եթե քո ունեցած բոլոր բաներից ընդամենը հինգ բան պահելու հնարավորություն ունենայիր, ո՞ր հինգ բաները կընտրեիր։
Այս հարցն իսկապես խորհելու տեղիք է տալիս մարդկանց։ Մենք այնքան կապված ենք մեր ունեցածի հետ, սակայն ընդամենը մի քանի բաներ կան, առանց որոնց մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը։ Երբ մարդիկ սկսում են թվել այդ բաները, կարողանում ես հասկանալ, թե նրանք ինչն են ամենից ավելի բարձր գնահատում։
8. Դպրոցի ո՞ր ուսուցիչն է ամենամեծ ազդեցությունը գործել վրադ։
Ուսուցիչները կարող են առանցքային դեր խաղալ մեր մեջ ուսման հանդեպ սերը զարգացնելու, մեր տարերքները բացահայտելու ու մեր թաքնված ընդունակությունները բացահայտելու գործում։ Երբեմն հենց ուսուցիչներն են այն մարդիկ, ովքեր ոգեշնչում են մեզ, հավատում մեր ուժերին ու պարզապես լավագույնը ցանկանում մեզ համար։
9. Ի՞նչ կցանկանայիր, որ գրված լիներ տապանաքարիդ վրա։
Թեպետ սա մի փոքր ռիսկային հարց է, այն հնարավորություն է ընձեռում մտածել, թե ինչպես ենք մենք ցանկանում հիշվել և ինչ ավանդ ենք ցանկանում թողնել։
10.  Ո՞րն էր կյանքիդ ամենաբախտորոշ պահերից մեկը։
Բախտորոշ պահերը հաճախ համընկնում են կյանքի անցումային փուլերի հետ՝ մահվան, ամուսնալուծության, աշխատանքի կորստի և այլն։ Հենց այս պահերին է, որ մենք ստիպված ենք լինում կտրուկ փոփոխությունների գնալ։ Դժվար պահերին մեզ ուժ է գալիս, և մենք կարողանում ենք վերահսկել մեր էմոցիաները։
11. Ինչո՞ւ ընտրեցիր այդ մասնագիտությունը։
Պատմությունն այն մասին, թե ինչպես է մարդ ընտրել այս կամ այն մասնագիտությունը, շատ բան կարող է  պատմել տվյալ մարդու մասին։ Դա պատկերացում է տալիս մարդու շարժառիթների, հետաքրքրությունների, կրթության ու ձգտումների մասին։ Մենք մեր կյանքի զգալի ժամանահատվածն անցկացնում ենք աշխատելով, ուստի այս հարցի պատասխանը հուշում է, թե կյանքի ինչ ուղի է տվյալ մարդն ընտրել իր համար։
12. Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ։
Այս հարցն ասես նախորդ հարցի տրամաբանական շարունակությունը լինի։ Դրա պատասխանն ամբողջացնում է զրուցակցիդ մասին կազմած տպավորությունը։ Այն հնարավորություն է տալիս պարզել, թե ինչ հոբբիներ, պարտականություններ ու հետաքրքրություններ ունի զրուցակիցդ։
13. Եթե վիճակախաղով շահեիր, ի՞նչ կանեիր։
Սա զվարճալի հարց է, որը բացահայտում է մարդու վերաբերմունքը փողի ու աշխատանքի նկատմամբ։ Դուք կարող եք պարզել, թե արդյոք տվյալ մարդը կհեռանար աշխատանքից, բարեգործություն կաներ, թե՞ կգներ իր երազանքների տունը։
14. Ո՞վ է ամենից շատ հիացնում քեզ։
Այս հարցը թույլ կտա պարզել, թե ում է զրուցակիցդ ցանկանում նմանվել կամ գերազանցել։ Մենք սվրբ. հիանում ենք այն մարդկանցով, ովքեր օժտված են այնպիսի հատկություներով, որոնց մասին մենք ինքներս էլ երազում ենք։
15. Որո՞նք են 3 ամենասիրածդ գրքերը և ինչո՞ւ հենց դրանք։
Սիրված գրքերի մասին խոսակցությունը թույլ կտա ընդհանուր հետաքրքրություններ գտնել ձեր միջև։ Դուք երկուսդ էլ նոր գիտելիքներ ձեռք կբերեք և կհարստացնեք ձեր աշխարհայացքը։
16. Ամենաշատը ինչի՞ց ես վախենում։
Բոլորն էլ վախեր ունեն։ Մեր վախերը բացահայտում են մեր խոցելի կողմերը։ Երբ ինչ-որ մեկը կիսվում է քո հետ իր վախերով, դու պետք է նրբանկատ մոտեցում ցուցաբերես, որպեսզի զրուցակիցդ անկաշկանդ ու ավելի մտերմիկ շփման անցնի քեզ հետ։
17. Ի՞նչ է սերը քեզ համար։
Բոլորն ունեն իրենց ուրույն սիրո լեզուն։ Սա շատ լավ հարց է ամուսնուն կամ կնոջը, զուգընկերոջը կամ զուգընկերուհուն տալու համար։ Այն կարող է բացահայտել, թե սիրո մասին ինչ պատկերացումներ ունի տվյալ անձնավորությունը։
18.  Ո՞րն է քո ամենաուժեղ գիծը։
Այս հարցը սկզբում անհարմար դրության մեջ է դնում մարդկանց մեծամասնությանը, քանի որ մարդիկ ցանկանում են համեստ երևալ։ Այնուամենայնիվ, մենք բոլորս էլ ցանկանում ենք, որպեսզի մեզ գնահատեն մեր դրական գծերի համար և ճանաչեն մեր լավ գծերը։ Սովորաբար զրուցակիցն էլ ի պատասխան հարցնում է քո ուժեղ կողմերի մասին, ու խոսակցությունն ինքնաբերաբար ստացվում է։
19. Ո՞րն է կյանքիդ ամենաշփոթեցուցիչ կամ ամենազայրացնող պահը։
Այս հարցին ի պատասխան զրուցակիցդ կարող է զվարճալի պատմություններ հիշել։ Այդ պատմություններում երբեմն ինչ-որ ցավոտ բան կարող է լինել, և այդ պահին քո պարտքն է ապրումակցել զրուցակցիդ ու հոգատարություն դրսևորել նրա հանդեպ։
20. Նախագահ դառնալու դեպքում առաջին հերթին ի՞նչ կանեիր։
Այս հարցի պատասխանը շատ բան կարող է հուշել զրուցակցիդ քաղաքական համոզմունքների, կատարելատիպերի, մտահոգությունների ու արժեքների մասին։  Եթե ցանկանում ես մտերմանալ մարդու հետ ու անկաշկանդ քննարկում ծավալել, մի՛ փորձիր պրովոկացիայի ենթարկել զրուցակցիդ, եթե նրա արտահայտած տեսակետները չհամընկնեն քոնի հետ։
21. Քեզ քանի՞ տարեկան ես զգում հիմա ու ինչո՞ւ։
Այս հարցը կարելի է ուղղել 50-ն անց մարդուն։ Բոլոր մարդիկ չէ, որ հասակ առնելուց հետո զգում են իրենց իրական տարիքը։
22. Եթե հնարավորություն ունենայիր անցյալի, ներկայի կամ ապագայի որևէ իրադարձության ականատեսը դառնալ, ի՞նչ իրադարձություն կընտրեիր։
Սա հրաշալի հարց է, որը հետաքրքիր քննարկման սկիզբ է դնում։ Դու կարող ես այս հարցի միջոցով իմանալ զրուցակցիդ հետաքրքրությունների ու նպատակների մասին, և թերևս քեզ մոտ ևս նոր հետաքրքրություններ ծնվեն։
23. Ի՞նչ կարողություն կցանկանայիր ձեռք բերել և ինչո՞ւ։
Մեզնից շատերը ցանկանում են ինչ-որ նոր բան սովորել ինքնակատարելագործվելու կամ պարզապես հաճույքի համար։ Այս հարցը հնարավորություն է  տալիս մարդկանց ոչ միայն արտահայտվել իրենց ցանկության մասին, այլև փորձել պարզել, թե ինչու մինչ օրս լրջորեն հետամուտ չեն եղել տվյալ կարողության ձեռքբերմանը։
24. Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ օրը Ձեզ համար։
Այս հարցի շուրջ մտածելու համար մեզնից պահանջվում է փորփրել մեր անցյալն ու վերհիշել, թե ինչ կատարյալ օրեր ենք անցկացրել նախկինում։ Այս հարցը երկու զրուցակիցների մոտ էլ կարող է երջանիկ հուշեր արթնացնել ու անցյալի կատարյալ օրերը վերապրելու ցանկություն առաջացնել։
25. Ինչպե՞ս ընկերներդ կբնութագրեին քեզ։
Այս հարցը հնարավորություն է տալիս զրուցակցին ուրիշի աչքով դիտարկել և այլ տեսանկյունից բնորոշել ինքն իրեն։ Այն մղում է մարդուն անաչառ գնահատական տալ ինքն  իրեն։

Այս հարցերը տալով՝ դու էլ ես ինչ-ինչ բաներ բացահայտում քո մասին։ Դու ցույց ես տալիս ուրիշներին, որ հետաքրքրված ես նրանցով։ Դու անկաշկանդ ու մտերմիկ հարաբերությունների անուղղակի հրավեր ես ուղարկում զրուցակցիդ։ Երբ դու դիմացինի մեջ ձևավորում ես այն համոզմունքը, որ գնահատում ու կարևորում ես նրան, դու տևական ու  փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների սկիզբ ես դնում։ Եթե կարող ես այս ցանկը համալրել այլ հարցերով, կիսվի՛ր դրանցով մեկնաբանությունների բաժնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր