Երեկ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հայտնի գնահատականը հայաստանյան ընտրություններին ուներ ոչ միայն արտաքին քաղաքական, այլ նաև հայաստանյան ներքաղաքական կոնտեքստ։
Պուտինի հետ ընկերությունը քաղաքական բրենդ դարձրած ու դրա միջոցով դիվիդենտների հույս ունեցող «Պուտինի ընկերը» կարող է ՍԴ-ից հետ վերցնել իր բողոքը, որովհետև Ռուսաստանի նախագահը ոչ միայն բարձր գնահատեց հայաստանյան ընտրությունները, այլ առանձնահատուկ շեշտեց այն հանգամանքը, որ Փաշինյանը վայելում է հայաստանցիների վստահությունը։ Այլ խոսքով՝ ընտրական ցիկլը փակված է։
Ենթադրում եմ, որ Քոչարյանի ու մյուսների «առաքելությունը» այլևս ավարտված է։ Նրանք կատարեցին իրնեց գործը ու կարող են հեռանալ։ Հայաստանում «բարիկադային», «խրամատային» մտածողություն ունեցող ուժերն այլևս պահանջարկված չեն ու պատահական չէ, որ Պուտինին հանդիպելուց հետո Փաշինյանն այսօր ընդունել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով դարձյալ սերտ կապեր ունի ռուսաստանյան էլիտայում, սակայն հեռու է «խրամատային» մտածողությունից։
Այս հանդիպումից հետո հայտնի շրջանակներում չեն կարողանում հանգստանալ՝ հիշեցնելով Ծառուկյանի մեկ տարվա վաղեմության հայտնի հայտարարությունը «անբարոյականի զավակի» մասով։
«Դուրսգրվածներին» թերևս արժե հիշեցնել, թե ինչ իրավիճակում է Ծառուկյանն արել այդ հայտարարությունը։
Անցած տարվա հունիսի 5-ին, երբ ԲՀԿ նախագահը պահանջեց Փաշինյանի ու կառավարության հրաժարականը, նրա դեմ քաղաքական հետապնդում սկսվեց, որի համատեքստում էլ Ծառուկյանը հայտարարեց, թե պայքարից նահանջողն անբարոյականի զավակ է։
Պայքարից նահանջ չի եղել ու չէր էլ կարող լինել, որովհետև բազմաթիվ սխալների ու ձախողումների հետևանքով իշխանությունը կանգնեց ճգնաժամի առաջ ու, ի վերջո, Փաշինյանը հրաժարական տվեց՝ գնալով արտահերթ ընտրությունների, նաև ու առաջին հերթին՝ ԲՀԿ պահանջով։
Հա, չմոռանամ հիշեցնել, որ անցած տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին միայն Ծառուկյանն է ու ԲՀԿ-ն էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ այսօրվա «արմատականները» վախից ծպտուն անգամ չէին հանում, նրանցից շատերն անգամ թաքուն պայմանավորվածությունների մեջ էին Փաշինյանի թիմի հետ։
Հիմա իրավիճակ է փոխվել։
Հասարակությունը հերթական անգամ մանդատ է տվել Փաշինյանին՝ հենց «արմատականներին» մերժելու հիմքով, կարելի է ասել նրանց «շնորհիվ»։
Այդքանը չհասկանալ ու դարձյալ մեղադրել Ծառուկյանին, ով ներքաղաքական խրամատի փոխարեն՝ խրախուսում է կայունությունը, սովորական դեմագոգիա է, սեփական պարտությունը՝ ուրիշների ուսերին բարդելու մոլորություն։
Այսպես, որ շարունակվի՝ անգամ Պուտինին են մեղադրելու «դավաճանության» մեջ, որովհետև նա էր երեկ խոսում հայաստանյան ընտրությունների մասին՝ շնորհավորելով Փաշինյանին։
Ուրիշներին մեղադրելուց առաջ՝ ուշադիր նայեք հայելու մեջ, գուցե ձեր շատ թերություններ կարողանաք հայտնաբերել՝ խոսելուց առաջ․․․․
Սուրեն Սուրենյանցի գրառումը։