00:00:00

«Մի մատնվեք բարկության եւ պահպանեք ձեր դրական դիրքորոշումը». Սերժ Թանկյանի կոչը՝ ցուցարարներին

16:15, 02 մայիս 2018 Ժամանց

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ վարչապետի ընտրության քվեարկությունը. որոշում չկայացվեց, իսկ հաջորդ հատուկ նիստը, որի ընթացքում պետք է նոր վարչապետ ընտրվի, տեղափոխվեց մեկ շաբաթով: Աշխարհահռչակ երաժիշտ, մեր հայրենակից Սերժ Թանկյանն անդրադարձել է թեմային՝ ֆեյսբուքյան իր էջում կոչն ուղղելով Հանրապետության հրապարակում կանգնած մարդկանց. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարում է երկիրը վերջին 20 տարիների ընթացքում, խախտել է իր խոսքը, որն էր՝ չխանգարել ժոովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ որպես վարչապետ: Նրանք փորձում են ժամանակ շահել, որպեսզի երկիրը թալանած իրենց առաջնորդներից մի քանիսը անձեռնամխելիություն ձեռք բերեն իրենց գործողությունների նկատմամբ: Ժողովուրդը դա թույլ չի տա: Ժողովրդի շարժմանը դիմադրելն ապարդյուն կլինի: Իմ խոսքն եմ ողղում մարդկանց, ովքեր կանգնած են Հրապարակում. Իմ սիրելի հաղթանակած եղբայրներ ու քույրեր, ողջույն: Շատ եմ տխրում, որ այս սարսափելի վիրուսի պատճառով մինչ օրս չեմ կարողացել գալ եւ անձամբ միանալ ձեզ: Բայց ես միշտ հետեւել եմ ձեր քայլերին ու մեկնաբանել դրանք, երբ կարծել եմ, որ իմ խոսքն ինչ-որ բան կարող է փոխել: Խոստանում եմ՝ շուտով այդտեղ կլինեմ: Տարիների անարդարությունից հետո դուք հաղթել եք այս պատերազմում: Մեր երկրի ներկան ու ապագան ապահով է ձեր խաղաղ ու մտածված ակտիվության շնորհիվ: Չկորցնեք հավատն այդ ապագայի նկատմամբ. կապ չունի՝ 30, 60, թե 100 օրից, եթե դուք բոյկոտեք ընտրությունները, զգալի փոփոխություն կլինի: Եթե Նիկոլը լինի վարչապետ, այդ բարեփոխումներն ավելի շուտ կսկսվեն, բայց համոզված եղեք, անգամ, եթե այդպես չլինի, դուք կշահեք այդ փոփոխության դեպքում: Մի մատնվեք բարկության եւ պահպանեք ձեր դրական դիրքորոշումը: Հաղթողները չեն կորցնում իրենց ոգին: Դժվար է փոխել խորհրդանիշը, ավելի դժվար է փոխել կառավարությունն ու մշակույթը: Դուք արդեն ամենադժվար աշխատանքը կատարել եք: Իմ սիրելի քույրեր եւ եղբայրներ, հավատացեք ինձ, երբ ասում եմ, որ արդարությունը կվերականգնվի, քանի որ միշտ էլ այդպես է լինում, եւ դա հազվադեպ է պատահում Խորհրդարանի պալատում: Ձեզ այսօր պաշտում է ամբողջ աշխարհը ձեր հրաշալի հաղթանակի ու քաղաքակիրթ անհնազանդության համար: Եկեք շարունակենք այս ճանապարհը: Սիրում եմ ձեզ՝ Սերժ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր