Բարի, մաքրասեր, անվախ, հումորասեր, թույլին հասնող ու նպատակասլաց։ Հայրն այսպես է բնութագրում 20-ամյա որդուն, ով բանակ էր զորակոչվել՝ պարտադիր վերադառնալու պայմանով։ 44 օրյա պատերազմի անմահացած հերոսներից է Արտաշես Խալաթյանը։ Վերջինս ՀՀ Շիրակի մարզի Գեղանիստ համայնքից էր։ Տան միակ որդին էր, ուներ կրստեր քույր։
Արտաշեսը սովորել է Գեղանիստի դպրոցում, չնայած սովորելու հետ հատուկ սեր չի ունեցել, բայց հայրը՝ Հակոբ Խալաթյանն ասում է, որ բավականին ունակ էր որդին և արագ յուրացնում էր ուսուցիչների հանձնարարությունները։ Irakanum.am-ի հետ զրույցում Հակոբ Խալաթյանը պատմեց․ «Գյուղում մանկապարտեզ չկար, հաճախեց՝ դպրոց։ Ինքը առաջատար աշակերտ էր դպրոցում, մեծ ընդունակությունների տեր, ինքը նույնիսկ ուսուցիչների պատմածը արագ էր ընկալում, ուղղակի գրքեր կարդալու հետ սեր չուներ, դասագրքերը չէր բացում, բայց դասաժամին յուրացնում էր ամեն ինչ։ Ինքը պատրաստված գնում էր դասին, ինը, կամ ութ էր միշտ ստանում»,- ասաց հայրը։
Նրա խոսքով՝ հայ առաքելական եկեղեցու հանդեպ հատուկ հավատք ուներ որդին։ Գյուղում բարերարների միջոցներով կառուցված եկեղեցին էր գրեթե ամեն օր հաճախում։ «Մեր քահանաներին ծանոթ էր, առանց նրա անգամ պատարագներ չէին անում, մեծ հավատք ուներ, նույնիսկ մեզ էր սովորացնում»,- պատմեց հայրը։ Հակոբ Խալաթյանն ասաց, որ ինքն ու կինը բարձրագույն կրթություն չեն ստացել, դրա համար ամեն ինչ արել են, որ երեխաները կրթվեն, ազգին ու պետությանը պիտանի մարդիկ դառնան։
Փոքր տարիքից Արտաշեսը սեր է ունեցել դուդուկի նկատմամբ։ Հայկական դուդուկի հանդեպ ունեցած մեծ սիրո համար ուսմանը զուգահեռ սովորել է նաև ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի երաժշտական դպրոցի դուդուկի բաժնում։ «Վարպետները գալիս էին Գյումրիից դասավանդում էին։ Մենք հին ժամանակներից տանը դուդուկ ունեինք, եղբայրս փոքր ժամանակ գնել էր»,- պատմեց հայրը։
«Ինքը շատ լավ շրջապատ ուներ, այդ թվում և իր երաժիշտ ընկերների շրջանում։ Քանի որ լավ տիրապետում էր դուդուկին, եղավ այնպես, որ պետք է շրջագայությունների գնային Ֆրանսիա, վիզան խփել էին, բայց հետո որոշակի խնդիրներ եղան ու չգնացին․․․Ինքը ասեց ոչինչ պապ ջան, հետո կգնանք»,- պատմեց հայրը։
Դպրոցն ավարտելուց հետո Արտաշեսն ընդունվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը։ Սովորում էր անվճար, ստանում էր կրթաթոշակ։ «Իրան հասնում էր վեցամսյա տարկետում, քանի որ պետպատվերի շրջանակներում էր սովորում։ Ձմեռային զորակոչին պետք է գնար ծառայության, բայց քանի որ ուներ հնարավորություն վեցամսյա տարկետումից օգտվել, վերջացներ առաջին կուրսը»,- ասաց Հակոբ Խալաթյանը։ Հարազատները, ընկերներն ու բարեկամները այդ ընթացքում համոզել են Արտաշեսին օգտվել տարկետման հնարավորությունից, բայց նա դեմ է արտահայտվում և որոշում է մեկնել ծառայության։
Ծառայության վեց ամիսներն անցկացրել է Էջմիածնի զորամասերում, որից հետո տեղափոխվել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի զորամաս։ Հայրն ասում է, որ որդին ծառայությունից երբեք չի դժգոհել, միակ հանգամանքը, որից նեղվել է կարոտն է եղել։ «Երազում էր տուն գալ»,- արցունքն աչքերին պատմում է հայրը։ Ցավոք նախորդ տարի պայմանավորված համավարակով Արտաշեսն արձակուրդից օգտվել չի կարողանում։ Մոտ տասը ամսվա ծառայության ընթացքում ընդամենը մեկ անգամ է տեսել հարազատներին՝ զինվորական երդման արարողության ժամանակ։ Արտաշես Խալաթյանը նաեւ Տավուշյան մարտերին է մասնակցել, իսկ Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկից հետո իրենց վաշտով տեղափոխվել են Մեխակավան (Ջեբրայիլ)՝ մասնակցելով ռազմական գործողություններին։
Հայրն ասում է՝ որդին երբեք չէր ստում։ Այդ ժամանակ էլ ծնողներին ասել է, որ պատերազմով պայմանավորված Մեղրիից տեղափոխել են Արցախ, բայց հուսադրել է՝ ամեն ինչ լավ է լինելու, մի քանի օրից հետ են վերադառնալու։ «Ասեց մեզ երկու օրով են տարել, հատուկ գործողությունների ենք մասնակցելու ու հետ գանք, մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է։ Հոկտեմբերի 2-ի երեկոյան հասել են Ջաբրայիլ։ Նա սակրավոր էր։ Ես անընդհատ կապի մեջ էի, բայց միշտ զգույշ են խոսել, պահպանել կանոնները։ Ես անըդհատ հարցնում էի՝ չեք գնացել, ասում էր չէ․․․։ Ես հետո իմացա, որ գնացած օրվանից սկսած ակտիվ ռազմական գործողությունների մեջ են»,- ասաց հայրը։ Այդ ժամանակ Արտաշեսը խոսել է հարազատների հետ, խնդրելով տաք հագուստ ու դուդուկն ուղարկել։ Հարազատներն անմիջապես կազմակերպել ու ուղարկել են, բայց ցավոք այն Արտաշեսին չի հասել․․․Հոկտեմբերի 8-ին վերջին անգամ խոսեցինք իր հետ։ «Զանգեց բոլորովս խոսեցինք, տանկերի ձայնը լսվում էր, ինքը տաք հագուստներ էր ուզել, դուդուկն էր ուզել, ուղարկել էինք, բայց չհասավ»,- ասաց հայրը։
Արտաշես Խալաթյանը հոկտեմբերի 9֊-ին դիվերսիայի կանխման օպերացիայի շրջանակներում, Իշխանաձորի խաչմերուկում, դեպի Մեխակավան գնացող ճանապարհին զոհվում է ԱԹՍ֊ի հարվածից։ «Առավոտ ժամը տասի կողմ զանգում է հորեղբորն ասում է՝ հոպար ես գնում, եթե հետ եկա՝ կզանգեմ։ Եղբայս ասում է, Արտաշ ջան, դու երբեք նման ձև չես խոսել, ասել է՝ էլ չեմ կարող խոսել․․եթե հետ եկա կզանգեմ, նորից կրկնել է Արտաշեսը»։ Հայրը որդու զոհվելու մեջ մեղադրում է հրամանատարին։ «Ուռալով տեղափոխվելիս են եղել, տեսել են անօդաչու սարք, իջել են՝ թաքնվել, հետո հայտնվել է իրանց ծառայության պետը ու իրանց հրաման է տվել, կոպիտ ձևով հանել նստեցրել է ուռալը ու մի քանի մետր շարժվելուց հետո անօդաչուն խփել է»,- ասաց հայրը, պատմելով, որ հետո են իմացել, որ տղաները զգուշացրել են հրամանատարին, որ տարածքում անօդաչու սարք են նկատել, որին ի պատասխան ստացել են «ձեր գործը չի» արտահայտությունը։ Հակոբ Խալաթյանն ասաց, որ դատական գործընթաց են սկսել։ Ուռալում եղել է 19 հոգի, նրանցից միայն մեկին է հաջողվում ողջ մնալ։
Արտաշես Խալաթյանը ՀՀ Նախագահի հրամանով հետմահու արժանացել է ՀՀ Մարտական Ծառայության մեդալին։
20 ամյա Արտաշեսը հուղարկավորվել է հարազատ գյուղի գերազմանատանը։ Գեղանիստի համայնքի միակ հերոսը ննջում է գյուղի գերազմանատանը։ Նա մեկնել էր ծառայության պաշտպանելու Հայաստանն ու Արցախը։ Այսօր Արցախի ու Հայաստանի դրոշներն են հսկում ու ծածանվում կյանքը հայրենիքին նվիրած քաջորդու շիրիմին։ Հարազատներն ամեն օր են այցելում գերազման, ծաղիկներ խոնարհում։ Արտաշեսը երազում էր վերադառնալ տուն։ Հայրն ասում է՝ չեկավ, բերեցին։
Փայլակ Ֆահրադյան