ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ու Լևոն Արոնյանը նույն օրն ենք սկսել շախմատի խմբակ գնալ, առաջին խաղը իրար հետ ենք խաղացել (ոնց որ թե)։ Նա դեռ Արոնով էր (ասում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մատը խառն է Արոնյան դառնալու հարցում, չգիտեմ)։ Դրանից կարճ ժամանակ անց նա դադարեց դպրոց հաճախել, բակից էլ անհետացավ ու 3 տարի անց դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն։ Հետո մի օր բակ իջավ, ֆուտբոլի գնդակով՝ վրան աշխարհի պետությունների դրոշներ։ Մենք էլ ճղած գնդակով էինք խաղում ու քանի դեռ նա շախմատի հմտություններն էր զարգացնում, մենք վազել, տշել ու ձորերում ֆռֆռալ էինք սովորել։ Լևոնն իրեն բակում մեզ մոտ տեղ չգտավ։ Երևի մանկական դաժանությամբ ենք իրեն վերաբերվել։
Պատանի ու երիտասարդ Լևոնի համար շախմատը կյանք էր, մեծ Լևոնի հետ էլ չեմ շփվել։ Հաջողակ շախմատիստ դառնալու համար նա զոհել է իր մանկությունը։ Տխուր եմ, որ լքում է Հայաստանը, ոչ կարող եմ մեղադրել, ոչ էլ արդարացնել։ Բայց հիշենք, որ նա ուղենիշային կերպար է վերջին 15 տարիներին շախմատով վարակված բոլոր երիտասարդների ու դպրոցականների համար»։
|