Ոստիկաններին ու նրանց ղեկավարներին ասել եմ, որ չի կարելի բիրտ ուժ կիրառել եւ անթույլատրելի է նման պահվածքը, որովհետեւ մարդիկ օրինական ակցիա էին անում եւ գալիս էին հանրապետության հրապարակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նրանք գալիս էին այստեղ՝ շարունակելու իրենց նստացույցը, ինչի իրավունքն ունեինք։ Որեւէ զգուշացում չի եղել, որ փողոցը բացեն, ընդամենը 1-2 րոպե է Ամիրյան փողոցը փակվել եւ առանց զգուշացնելու նման ուժ են կիրառում։ Կրկնաի անթույլատրելի է, որ ոստիկանությունն է նման բան անում՝ հողատուի հրամանով։ Նրանք պետք է պահպանեն Հայաստանի կայունությունը, անվտանգությունը, հասարակական կարգը, այլ ոչ թե ծառայեն այս հողատուին։ Այսօր իրենց պահվածքը հակաօրինական է եւ անթույլատրելի։
Եթե նրանք ոգեւորվել են նրանից, որ այս պահին քիչ մարդ կա։ Այսինքն` նրանց համար կարեւորը ոչ թե օրենքն է, այլ եթե շատ են լինում, թույլ են տալիս, իսկ եթե շատ չեն լինում, արդեն կարելի է մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառե՞լ։ Մեկ է սա գնալու է, եւ նրանք էլ լավ գիտեն։ Եթե նրանց դուրը գալիս է, որ մեր պետության ղեկավարն Ալիեւի առաջ կզած մեկն է, ես ի՞նչ ասեմ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ փողոց փակած քաղաքացիները որեւէ անօրինական բան չեն արել։
Նա նշեց, որ ակցիայի մասնակիցներն ընդամենը փորձ են արել մեկ րոպեով փակել Ամիրյան փողոցը. «Այդ նույն ժամին առանց որեւէ կանխարգելիչ ազդանշանի բիրտ ուժ են կիրառել։ Բոլորս մի երկրի քաղաքացի ենք։ Այստեղ որեւէ մեկն իր անձնականի համար չի եկել, որեւէ մեկն իր կուսակցական շահի համար չի եկել։ Այս երիտասարդները որ փողոց են փակում, որ ակցիա են անում, նաեւ ոստիկանների երեխաների ապագայի համար են անում»։
Անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում Շուռնուխի ու Որոտանի մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ Շարմազանովն ասաց. «Այսօր արդեն Կառավարության նիստին Շուռնուխի ու Որոտանի մասին է խոսում, որ այնտեղ ցավալի զիջումներ կարող են լինել։ Ինչ եկել է՝ ցավալի զիջումներ է անում։ Այսօր էլ Ալիեւի ծննդյան օրվա համար ես նվեր մատուցո՞ւմ»։