00:00:00

«Պատերազմներում պարտվում են կամ հաղթում․ ինչո՞ւ պարտվեցինք»․ Հայկ Խանումյան

01:45, 02 դեկտեմբեր 2020 Բլոգ

Խծաբերդ-Խանձաձոր ուղղությամբ տեղակայվեց ՊԲ ստորաբաժանում, եւ այն կարեւոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։ Նա, մասնավորապես նշել է. «Սիրելինե՛ր, Հոկտեմբերի 14-ից գտնվում եմ Հադրութի շրջանի Խծաբերդի ենթաշրջանում՝ նպատակ ունենալով օգնել աշխարհազորի կազմակերպմանը: Տարբեր կապերի միջոցով շատ արագ հաջողվեց զինել Հադրութի տարբեր գյուղերի տասնյակ բնակիչների եւ կազմավորել ռազմական ստորաբաժանում, որը նոր որակի բերվեց մի քանի օր անց, երբ Ստեփանակերտից տեղ հասան զինվորական փորձառություն ունեցող ընկերները: Առաջին շաբաթվա ընթացքում մենք տեսնում էինք անկանոն փախչող պահեստազորայիններ եւ կանոնավոր փախչող ստորաբաժանումներ, իրավիճակին չտիրապետող ուղղության հրամանատարություն: Հոկտեմբերի 15-ից ես խնդրում էի ԱՀ եւ ՀՀ իշխանություններին Կոռնիձոր-Խծաբերդ-Հադրութ ճանապարհի մոտով նոր ուղղություն ձեւավորել: Հոկտեմբերի 21-ին ձեւավորեց Բերձորի պաշտպանության համար ուղղությունը՝ գնդապետ Հրայր Թեւոսյանի հրամանատարությամբ: Ուղղությունն ամբողջությամբ կատարեց իր առջեւ դրված խնդիրները: Խծաբերդ-Խանձաձոր ուղղությամբ տեղակայվեց ՊԲ ստորաբաժանում՝ մայոր Գարրի Աբրահամյանի հրամանատարությամբ: Ուղղության ձեւավորումը կարեւոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար: Մեր ջոկատը Գ.Աբրահամյանի ստորաբաժանումների, հետախուզական գումարտակի տղաների հետ մասնակցություն ունեցավ թշնամուն զսպելու եւ որոշ կարեւոր բարձունքներ ազատագրելու գործում: Ես շնորհակալ եմ Թաղասեռ, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի բնակիչներին՝ ինձ վստահելու եւ կարեւոր գործ կատարելու համար: Առաջիկա օրերին ես կներկայացնեմ մեր ջոկատի տղաներից ոմանց՝ իրենց պատմություններով: Այս տղաները մասնակցեցին մարտերի, իրենց դիրքերում անսասան մնացին ականանետի, տանկի, ՏՌ-107-ի, սմերչի հարվածների ներքո, բարելավեցին մեր դիրքերը Խծաբերդի ուղղությամբ եւ պատվով հանձնեցին հերթափոխը նոյեմբերի 30-ին: 45 օրվա մեջ այս հատվածում ես հանդիպեցի տարբեր լավ մարդկանց՝ եկած ՀՀ տարբեր մարզերից, Քաշաթաղի տարբեր համայնքների կազմակերպված խմբերի՝ շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի մասնակցությամբ: Մեր ջոկատին օժանդակում եւ օգնում էին բազմաթիվ մարդիկ տարբեր վայրերից, որոնց նույնպես ընթացքում կանդրադառնամ: Պատերազմներում պարտվում են կամ հաղթում: Ինչու՞ պարտվեցինք: Որովհետեւ բավարար չափով չէինք սիրում մեր Հայրենիքը եւ չգիտեինք ազգային նպատակներ դնել ու հասնել դրանց իրագործմանը: Կհաղթենք, երբ բավարար չափով կսիրենք Հայրենիքը եւ կսովորենք ազգային նպատակներ դնել ու իրականացնել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր