00:00:00

Մեզ այլ ելք չի մնում, քան մեր իրավունքի ինքնապաշտպանությունը՝ զենքով. Արտակ Զեյնալյան

18:51, 18 հոկտեմբեր 2020 Հասարակություն

Արցախում 22 օր ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմը, երկրորդ անգամ խախտելով նախապես հայտարարված մարդասիրական հրադադարը, հարձակում է ձեռնարկել, ինչի պայմաններում հնարավոր չի եղել ապահովել զոհված զինծառայողների դիերի դուրս բերումը և գերիների փոխանակումը: Զոհերի և նրանց հարազատների նկատմամբ իրականացվող անմարդկային վերաբերմունքի, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների շուրջ NEWS.am–ը զրուցել է իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Պարոն Զեյնալյան, եթե հղում կատարենք միջազգային իրավունքին, մասնավորապես, «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիային, ի՞նչ գնահատական կտաք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի խախտմանը և դրա հետևանքով զոհերի մարմինների դուրսբերման անհնարինությանը։
Ժնևի կոնվենցիայի խախտման փաստերը կարող է քննարկել և արձանագրել միջազգային դատարանը։ Բացի զոհված զինծառայողների դիերի պաշտպանության հարցից, հարկ է բարձրաձայնել նաև ռազմադաշտից դուրս չբերված զոհերի ընտանիքների անդամների իրավունքների խախտման մասին։ Ներկայումս զոհվածների ընտանիքներն անորոշության մեջ են և ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի այն դեպքում, երբ նրանց հավատամքի, կրոնական համոզմունքների, ավանդույթների համաձայն պատերազմում զոհված իրենց ընտանիքի անդամը՝ զավակը, հայրը կամ եղբայրը չի հուղարկավորվել։ Սա ոչ միայն իրավունքի կոպտագույն խախտում է, այլև ուղղված է մարդկության դեմ։ Ադրբեջանը խախտում է զոհվածների պաշտպանության իրավունքը։ Զոհվածի դին, նրա հարազատներին հարգելը մարդկային հատկանիշ է, չի կարելի թույլ չտալ, որ մարմինները հոշոտեն կենդանիները, միջատները... Դա անմարդկային է, բնորոշ չէ ժամանակակից մարդուն։ Արդեն ակնհայտ է, որ հրադադարի համաձայնությունները խախտելը, բանակցությունները ձգելը ադրբեջանական կողմի տակտիկայի մասն են կազմում և հետապնդում են զուտ ռազմական նպատակ։ Նրանք խախտելով հրադադարը մարտավարական խնդիրներ են լուծում՝ փորձելով առավելության հասնել։ Այս իրավիճակում, երբ անգամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին չի հաջողվում միջնորդական առաքելությամբ ապահովել ռազմադաշտից զոհվածների դիերի դուրս բերումը, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր պարտադրել Ադրբեջանին պահպանել մարդասիրական հրադադարը։
Նման իրավիճակում գործուն մեխանիզմներ կարող է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Հայկական կողմը կարող է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջանկյալ միջոց կիրառել։ Սակայն այս իրավիճակում մեզ այլ ելք չի մնում, քան իրավունքի ինքնապաշտպանությունը։ Մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները զենքով, զինյալ պայքարով։ Ներկա պահին սա է մեր իրավունքների պաշտպանության ամենաարդյունավետ և գործուն միջոցը, ինչը և հայկական կողմն իրականացնում է։ Իմ ասածը պարզապես տրամաբանական խոսք չէ, սա գրված իրավունք է, որը մենք իրացնում ենք։ Դուք և ձեր գործընկերը ՄԻԵԴ-ում ներկայացնում եք գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերը։ Ի՞նչ է սպառնում Ադրբեջանին նրանց կյանքի և առողջության իրավունքի հնարավոր խախտման դեպքում՝ հաշվի առնելով, որ մեր զինծառայողներն ունեն ռազմագերու կարգավիճակ և միջազգային իրավունքի պաշտպանության ներքո են։ Եվրոպական դատարանն ունի իր վճիռներն ու որոշումները չկատարելու կամ կրկնակի խախտում արձանագրելու դեպքում պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, որոնք բավականին խիստ են և ունեն իրավական, քաղաքական լուրջ հետևանքներ։ Հնարավոր բացասական հետևանքները անվերապահորեն վրա հասնելու սպասելիքը կամ գիտակցումը ինքնին երաշխիքներ են, որպեսզի թույլ չտան նոր խախտումներ, սակայն ասել, որ դրանք 100 տոկոսանոց գործող են, և այսօրվանից կարող ենք դրա վրա հենվել, բնականաբար չի կարելի, որովհետև մեր թշնամին նենգ է, որովհետև նրանք բանակցություններն օգտագործում են ռազմական առավելության հասնելու նպատակների համատեքստում։ Իսկ նման իրավիճակում, կրկնում եմ, պետք է իրականացվի իրավունքի ինքնապաշտպանություն, սա է միակ երաշխիքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր