«Կեսօր էր, եւ բնակելի փողոցում քայլելիս մենք լսեցինք ադրբեջանական դիրքերից մեզ վրա արձակված «Գրադ»-ի արկերի ձայնը: Նրանք ռմբակոծում էին քաղաքը, և կրակի ու մետաղի անձրև էր գալիս մեզ վրա: Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, ով մեզ ցույց էր տալիս նախորդ հարձակումների վայրերը, տեղում մահացել է: Նա 28 տարեկան էր: Ես ամեն օր մտածում եմ նրա և նրա ընտանիքի մասին: Գրիշան մահացել է, քանի որ ցանկացել է, որ աշխարհը իմանա, թե ինչ ապրումներ ունի իր ժողովուրդը: Թող նա խաղաղությամբ հանգչի այդ հարվածի ժամանակ զոհված երեք այլ քաղաքացիական անձանց հետ»,- գրել է Կավալին:
«Իմ գործընկեր Հերմինեն, ում ես շատ եմ գնահատում, բարեբախտաբար, մնաց անվնաս: Իմ ընկերն ու գործընկեր Ռաֆայելը վիրավորվել էր գլխի եւ ոտքի շրջանում: Եթե ճիշտ եմ հասկացել, իմ մարմնի տարբեր հատվածներում տասնյակ բեկորներ էին հայտնվել։ Բեկորների մի մասը խոցեցին իմ որովայնը: Հիմա ես վերականգնվում եմ քայլ առ քայլ, օրեցօր ,սակայն ես չէի կարող գրել այս խոսքերը, եթե չլինեին այն մարդիկ, որոնք փրկեցին ինձ Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում: Նրանց մի մասը հայտնի են, մի մասը իմ ընկերներն են, մի մասին ես երբեք չեմ ճանաչել: Նրանց մեջ կան մարտունեցիներ, որոնք վճռորոշ դեր են խաղացել առաջին րոպեներին. նրանք ձգտել են մեզ անվտանգ տեղ հասցնել: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ գործընկեր լրագրողներին, ովքեր ինձ վերցրին այնտեղից և տեղափոխեցին քաղաքի բժշկական կենտրոն: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ մյուս գործընկերներին, ովքեր այնտեղ էին եւ Փարիզին տեղեկացրեցին ստեղծված իրավիճակի մասին, հատկապես շնորհակալ եմ Հերմինեին և Ռեջիս Գենտեին: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունիի բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց քաղաքի վրա հարձակման պահին ժամանակ են գտել փրկել երկու օտարերկրացու: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունիից ինձ ոլորապտույտ ճանապարհներով սլացող հին շտապօգնության մեքենայով Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխած մարդկանց: Ես գիտեմ, թե որքան շատ բան են արել Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցները ՝ ինձ փրկելու համար: Ես դեռ չեմ հասցրել իմանալ բոլոր նրանց անունները, բայց ես խորապես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին: Ես նաեւ խորապես երախտապարտ եմ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ֆրանսիայի իշխանություններին, որոնք ուղղաթիռով ապահովեցին մեր տեղափոխումը Երեւան: Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ով հրապարակավ խոսել է մեր գործի մասին և անհնարինը արել մեզ դուրս բերելու համար, և առանց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի», -գրել է Կավալը: