00:00:00

ԱԺ փոխնախագահը միացել է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

04:00, 29 հուլիս 2020 Բլոգ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը միացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը: Այս մասին Նազարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Աննա Հակոբյանը շատ կարևոր խոսակցություն է սկսել։ Միանում եմ»,- գրել է Նազարյանը: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն ուղղված է ադրբեջանցի կանանց: Հուլիսի 25-ին Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ է արել օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Հակոբյանը գրել է, որ հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել և ծավալվելու միտում ունեին, հորդորել էր ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը»:
Հուլիսի 28-ին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է, որ ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչի և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նկատմամբ: «ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը և համանուն կայքէջը մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր երկրներում: Վերջին օրերին կայքէջը տարբեր երկրներից ավելի քան կես միլիոն այցելու է ունեցել: Հարկ է նշել, որ գրանցվողները նույնպես մեծ թիվ են կազմում: Ինչ վերաբերում է ադրբեջանցի կանանց, ապա Ադրբեջանից նույնպես կա ակտիվություն, սակայն հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ խղճի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների մասով, ապա մենք հենց այդ կանանց անվտանգությունից ելնելով որևէ տվյալ չենք հրապարակի»,- ասել է Հարությունյանը: Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է 2018թ. հուլիսի 24-ին, Մոսկվայում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր