ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն ոստիկանների այցելությանը և դիմակ չկրելու փաստով վարչական վարույթ հարուցելու որոշմանը:
«Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին»,- գրել է Հակոբյանը և հավելել, որ ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում։
ՀՌՀ նախագահն անդրադարձել է նաև Արմնյուզ ռադիոկայանի տնօրեն և «Առավոտյան լուրեր՝ Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման հաղորդավար Լիկա Թումանյանի մեկնաբանությանն առ այն, որ 168․am-ին տված հարցազրույցում հենց Հակոբյանն է նշել, որ եթերում դիմակ կրելու պարտադրանք չկա։ Նա նշել է, որ հարցազրույցում նշել է՝ «որքանով ես գիտեմ», քանի որ ինքը ևս համոզված չի եղել, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել․ «Ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել: Եւ այդ խնդրի մասին բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ տեսակետը եւ օրենսդիր, եւ գործադիր իշխանոությունների ներկայացուցիչներին:
Այնուամենայնիվ, հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել եմ այդ դիմակը կրել, բացատրելով թե, ինչու է դա անհրաժեշտ: Այդ խնդրանքը (համապատասխան փաստարկներով) հնչել է նաեւ ԱԺ-ում կայացած լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ»,- մանրամասնել է Հակոբյանը։
ՀՌՀ նախագահը նշել է, որ արդյունավետ կլիներ կազմակերպել հեռարձակողների եւ պարետատան պատասխանատուների հանդիպում, որի ընթացքում կողմերը լսելով միմյանց փաստարկներն ու առաջարկները, կկարողանան գալ վերջնական հայտարարի, նպատակ ունենալով համավարակի դեմ համատեղ պայքարն ու հաղթահարումը:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ծառայողները այցելել էր «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր ուղիղ եթերում ասել է «Քառյակ մեդիայի» բաժնետերերից Սամվել Ֆարմանյանը: Ֆարմանյանի խոսքով՝ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: