Լուծում առաջին
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եթե նախագիծը կյանքի կոչվի այն սխեմայով, ինչպես նախատեսել է իշխող մեծամասնությունը՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունը, ապա մենք գործ կունենանք սահմանադրական կարգի բացահայտ տապալման հետ։ Սա պետք է հստակ իմանան նախագծի հեղինակները, կողմ քվեարկողները։ Սա հետագայում ունենալու է ծանր հետևանք։ Հետևաբար ամենապարզ և ճիշտ լուծումներից մեկը՝ ուղղակի «կողմ» չքվեարկելն է։
Վենետիկի Հանձնաժողովն իր կարծիքում ընդգծել է, որ անփոփոխելիությունը կոչված է օրվա քաղաքական մեծամասնությունից պատվար լինելու սահմանադրական դատարանի դատավորների համար։ Հանձնաժողովը հատուկ նշում է, որ անթույլատրելի կլինի, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին իր ցանկացած նորերով, իսկ նախկին իշխանությունների կողմից նշանակված լինելը չի կարող համոզիչ պատճառ լինել դատավորին փոխարինելու համար։