Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:
«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի: Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը, անհարգալից վերաբերմունքը։ Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ։
Չի կարելի իրավապահ համակարգը դարձնել քաղաքական հաշվեհարդարների գործիք, նոր անջրպետներ անցկացնել հասարակության և ոստիկանության միջև։ Այստեղ կարևոր է նաև հենց ոստիկանության դերակատարումը. անկախ ամեն ինչից, ոստիկանությունը պետությանն է և պետք է գործի բացառապես օրենքի և բանականության սահմաններում։