Ճապոնիայի Հանրային առողջության ազգային ինստիտուտի Առողջության ճգնաժամային կառավարման դեպարտամենտի տնօրեն Տոմոյա Սաիտոն The Guardian թերթում գրած հոդվածում բացատրում է Covid-19 կորոնավիրուսի դեմ պայքարում Ճապոնիայի փորձը:
Կարելի է ասել, որ Ճապոնիայի ձեռնարկած միջոցառումները Covid-19 համավարակի ժամանակ հարաբերական հաջողություն են գրանցել: Հոդվածը գրելու պահին մենք գրանցել ենք 903 մահ, որով 100 հազար մարդու հաշվով մահացության ցուցանիշը կազմում է 0.72: Սա Մեծ Բրիտանիայի ցուցանիշի 1/18-րդն է (60.14) և ավելի ցածր է, քան Մեծ յոթնյակի որևէ պետությունում:
Շնորհիվ այն փաստի, որ նոր պացիենտների թիվը ցածր է ու նվազում է, Ճապոնիան մայիսի 25-ին չեղարկել է արտակարգ դրության ռեժիմը: Բազմաթիվ սխալներ էլ եղան (օրինակ, Diamond Princess նավի դեպքը, որի համար Ճապոնիան շատ քննադատվեց): Քանի որ համարում ենք, որ առաջին ալիքը հաղթահարել ենք առանց լիակատար սահմանափակումների ու պարետային ժամի, մեզ հաճախ են հարցնում մեր նախնական հաջողությունների գաղտնիքների մասին:
Հանրային առողջապահության մեծ ջանքերը
Ծագող հիվանդությունը վերահսկելու առաջին սկզբունքը բռնկումը հայտնաբերելն ու վաղ արձագանքելն է: Տեղում ուսումնասիրությունների միջոցով փոխանցման դինամիկան հասկանալն առանցքային է: Այս առումով Ճապոնիան հաջողակ էր՝ ունենալով հանրային առողջապահության 469 տեղական կենտրոն ավելի քան 25000 աշխատակիցներով, որոնք տքնաջան աշխատեցին շփման շրջանակներին հետևելու համար նախքան վիրուսը լայնորեն կտարածվեր երկրում: Առանց հետևող հավելվածների, շփման շրջանակին հետևելը ժամանակատար էր, որը ներառում էր պացիենտներին զանգահարելը եւ քաղաքավարի խնդրելը, որ նշեն այն մարդկանց անունները, որոնց հանդիպել են նախորդող երկու շաբաթների ընթացքում: Բայց համակարգը լավ աշխատեց, որի արդյունքը արդյունավետ կլաստերային կենտրոնացման մոտեցումն էր:
Հավաստանշելով կլաստերները
Սկզբնական փուլում հայտնաբերեցինք, որ պացիենտների հետ շփում ունեցածներին թեստավորելու միջոցով դեպքեր գտնելն այնքան էլ արդյունավետ չէ: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մինչ շատ պացիենտներ չեն վարակում ոչ ոքի, ոմանք վարակում են շատերի, հետեւաբար ձևավորում են մեկ աղբյուրից վարակված մարդկանց կլաստերներ:
Ի հավելումն շփման շրջանակին հետևելուն՝ մենք կենտրոնացանք պացիենտների շփման շրջանակին հետահայաց հետևելու վրա և հնարավոր աղբյուրին մոտ գտնվող նոր դեպքեր հայտնաբերեցինք՝ բացահայտելով կլաստերները: Բացի այդ, կլաստերների հետ կապ չունեցող դեպքերին հետևելը հանգեցրեց պացիենտների թվի էքսպոնենտալ աճի վաղ հայտնաբերման, որը թույլ տվեց կառավարությանը ժամանակին զգուշացնել հանրությանը:
Հստակ և արդյունավետ հաղորդակցություն
Ճապոնիայի կառավարությունը խիստ միջոցառումներ՝ կարանտին, պարետային ժամ պարտադրելու իրավազորություն չունի: Տեղաշարժման բոլոր սահմանափակումները կամավոր խնդրանք էին: Հետևաբար, կառավարությանը մնացել էր միայն հանրությանը դյուրըմբռնելի ներկայացնել հիվանդության մասին գիտելիքը: Կլաստերային ուսումնասիրությունների միջոցով հասկացանք, որ երեք C-երը (closed, crowded spaces with close contact – փակ, մարդաշատ տարածքներ սերտ շփումներով) կլաստերների ստեղծման ամենամեծ ռիսկային գործոններն են: Կառավարությունը ներկայացրեց «խուսափիր 3 C-երից» կարգախոսը մարտի սկզբին, որը, ըստ իս, էականորեն օգնեց հետաձգելու պիկը:
Ուժեղ հանրային ճնշում
Օտարերկրացի այցելուներն ու Ճապոնիայում բնակվող օտարերկրացիները ձեզ կպատմեն, թե ճապոնացները ինչպես են պահպանում չգրված սոցիալական նորմերը: Ճապոնիայում ֆիզիկական հեռավորությունն արդեն առկա է Հատուկ միջոցառումների մասին ակտով, բայց կառավարությունը կարող է միայն խրախուսել մարդկանց մնալ տանը, կարող է խնդրել օբյեկտներին փակվել, բայց խախտողները չեն պատժվի:
Մարդկանց մեծամասնությունը մնացին տանը, առևտրային կենտրոնները փակ մնացին արտակարգ դրության ժամանակ: Սակայն, դեռ պարզ չէ արդյոք հնարավոր կլինի հույս դնել նույն մեթոդաբանության վրա հնարավոր երկրորդ ալիքի ժամանակ:
Խոնարհում և դիմակներ
Սոցիալական սովորույթները մեծ դեր խաղացին: Ձեռքսեղմումը, էլ չենք խոսում գրկելու և համբուրելու մասին, ողջագուրվելու արևմտյան ձևն է: Բացի այդ, ճապոնացիները ավելի հոժարակամ են դիմակ դնում, քանի որ սովորական երևույթ է այն դնելը գարնանն ալերգիայից և ձմռանը գրիպից պաշտպանվելու ժամանակ: Այսպիսի սոցիալական սովորույթները, հնարավոր է, նպաստել են տարածման դանդաղելուն և հեշտացրել, որ մարդիկ ընդունեն նոր իրողությունը: