00:00:00

Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց հետագա հաղթանակները. Ղուլյան

20:12, 09 մայիս 2020 Բլոգ

Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները:  Այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Եռատոնի առիթով իր ուղերձում: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, Արցախի, Մայր հայրենիքի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին մայիսյան Եռատոնի առթիվ: Հազարամյակների տարեգրություն ունեցող մեր ժողովրդի համար պատմության ընթացքը չափվում է ոչ այնքան տարիներով կամ դարերով, որքան այդ ընթացքում կերտած սխրանքներով ու փառավոր էջերով: Մայիսյան եռատոնը վերջին հարյուրամյակի մեր սխրանքների գոհարն է և մեր ժողովրդի անպարտելիության վկայությունը: Հարատևում ու փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան: Մեզ դա հաջողվեց մեր ոգու և միասնականության շնորհիվ: 75 տարի առաջ խորհրդային բանակի կազմում հարյուր հազարավոր հայորդիների տարած հաղթանակը վերահաստատվեց արցախյան ազատամարտի օրերին»,-ասել է Ղուլյանը:
Նա նշել  է՝ պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց ու դարձավ հերոսական Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր: «Շուշին մեզ համար լոկ կրակակետ չէր, որ պետք էր լռեցնել, և ոչ էլ պարզապես մի բնակավայր, Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները: Իսկ ազատության համար պայքարում ծնված բանակը էլ ավելի ամրապնդեց Արցախի և հայկական միասնական տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունը: Մենք հասկացանք, որ խաղաղությունը չի նվիրվում, այն մեծագույն արժեք է, որ ձեռք է բերվում անկոտրում կամքի և աննկուն պայքարի արդյունքում՝ ցավոք պահանջելով նաև անդառնալի կորուստներ: Փառք և խոնարհում մեր բոլոր նահատակներին, որոնց կյանքի գնով իրականություն են դարձել մեր ազգային երազանքներն ու իղձերը»,- հավելել է Ղուլյանը: Նա վետերաններին, ազատամարտիկներին, պաշտպանության բանակի զինծառայողներին և բոլորին վերստին շնորհավորելով ազգային հպարտության այս տոնի առթիվ՝ մաղթում է ուժ և զորություն՝ հանուն հայրենիքի խաղաղության և բարօրության: Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակըՇուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր