00:00:00

Ֆրանսիայում շներին սովորեցնում են հայտնաբերել COVID-19-ով վարակվածներին

03:10, 03 մայիս 2020 Աշխարհ

Ֆրանսիական կինոլոգները փորձարկում են COVID-19-ով վարակվածներին հայտնաբերելու նոր մեթոդ՝ շներին սովորեցնելով ճանաչել հիվանդների հոտը։ Ու չնայած փորձարկման հեղինակները դեռ վստահ չեն, որ հաջողելու են, առաջին արդյունքներն, ըստ նրանց, հուսադրող են, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Le Parisien թերթի՝ վարժությունները սկսվել են ապրիլի 30-ին։ Դրանց մասնակցում են տարբեր ցեղատեսակների յոթ ծառայողական շներ (հինգը՝ Սենա եւ Մառնա դեպարտամենտի փրկարարական բրիգադից, իսկ երկուսը՝ Կորսիկայի ժանդարմերիայից)։ Որպես նմուշ, օգտագործվում են կորոնավիրուսով հիվանդի քրտինքով ներծծված լաթեր, ընդ որում՝ կարեւոր է, որ դրանք վերցված լինեն մինչեւ բուժումը սկսելը, որպեսզի դեղամիջոցների հոտերը խառնված չլինեն։ Մասնագետները պնդում են, որ նման մեթոդով շներին վարակելու վտանգը չկա, քանի որ քրտինքի մեջ կորոնավիրուսի առկայությունը հաստատված չէ։ «COVID-19 համաճարակի ամենասկզբից ես մտածեցի այդ շների մասին,- պատմում է Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության անասնաբուժական ստորաբաժանման ղեկավար Դոմինիկ Գրանջանը,- Վիրուսային հիվանդությունները հոտ ունեն։ Այս շները սովոր են իրենց զինանոցում ունենալ հոտերի գրադարան,․․․ եւ դրանց COVID-19-ի ավելացումը լրիվ տրամաբանական է»։ Ազգային անասնաբուժական դպրոցի 63-ամյա պրոֆեսոր Ալֆորան խոստովանել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր գործընկերները 100%-ով վստահ չեն, թե արդյունքը կարդարացնի սպասելիքները։ Նա հավելել է, որ առայժմ չկան գիտական հրապարակումներ, որոնք կհաստատեին քրտինքի հոտի վրա COVID-19-ի ազդեցությունը։ Նա հույս է հայտնել, որ հաջողության դեպքում փորձին կմիանա նաեւ Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայությունը, որի ղեկավարությունը վերջին պահին փոխել է որոշումը եւ պահանջել է հետ կանչել դրան մասնակցելու համար ընտրված երկու շներին։ Նրա խոսքերով՝ կինոլոգները կարող էին օգնել խնայել ժամանակը՝ օդանավակայաններում, նավահանգիստներում եւ նույնիսկ սուպերմարկետների հերթերում ստուգումների ժամանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր