Apple և Google կորպորացիաները համատեղ ջանքերով ստեղծում են համաշխարհային համակարգ՝ հետևելու համար կորոնավիրուսով վարակված մարդկանց շփումը: Այս մասին ասվում է երկու ընկերությունների համատեղ հայտարարության մեջ: Տեխնոլոգիական հսկաները կարծում են, որ այդ կերպ կարող են օգնել զսպելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակը:
Ըստ այդմ՝ համակարգը սմարթֆոնների տերերի միջև հեռավորությանը կսկսի հետևել Bluetooth-ով: Հատուկ հավելվածը կմշակի վերջին երկու շաբաթներին կորոնավիրուսով հիվանդների շփումները և կնախազգուշացնի նրանց, ովքեր շփվել են նրանց հետ կամ այդ ընթացքում մոտ են գտնվել:
Կորպորացիաները հավաստիացնում են, որ տեղեկատվությունը կլինի գաղտնի:
«Այդ կերպ նրանց, ովքեր շփվել են վարակվածների հետ, հեշտ կլինի ծանուցել, գտնել և մեկուսացնել: Վարակվածների անունները հասանելի չեն լինի լայն հասարակության համար»,- բացատրում են մշակողները:
Ծրագրում են հավելվածը թողարկել մայիսին, իսկ ամռանը այն կվերկառուցեն Android և iOS օպերացիոն համակարգերում:
Մշակողները պնդում են, որ հետևելու այդպիսի համակարգը կծածկի մոլորակի բնակչության կեսը, քանի որ շարժական սարքերի 99%-ը օգտագործում է հենց այդ օպերացիոն համակարգերը: Աշխարհում iOS և Android օպերացիոն համակարգերից օգտվողների ընդհանուր թիվը, Bloomberg-ի տվյալներով, գերազանցում է 3 միլիարդ մարդը: